ՄամուլՏեսանյութ

Կոտայքի մարզում հայտանբերվել է տղամարդու կախված մարմին, ով օրեր առաջ ձերբակալվել էր իր կնոջ մորը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայրի ոստիկանության ծառայողը ձերբակալվածների պահման վայրի խցերից մեկում կախված վիճակում հայտնաբերել է տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատակիցը դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ էդմոն Այվազյանը և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մանուկյանը:

Ահազանգով ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը ապրիլի 21-ին ձերբակալվել էր իր կնոջ մորը՝ Բալահովիտ գյուղի բնակչին, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հավանաբար «ինքնասպանություն» հատկանիշով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի փաստով էլ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի կողմից նշանկվել է ծառայողական քննություն:

Կիսվել էջում