Կոտայքի մարզում բեռնատարը կոտրել է երկաթե արգելապատնեշներ. խցանումը հասնում է 10 կիլոմետրի
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում «DAF» մակնիշի բեռնատարը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Բոմբ» հյուրանոցի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված մի քանի երկաթե արգելապատնեշներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատներից մեկի փրկարարները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ պարեկները պարզել են, որ երկաթե մի քանի արգելապատնեշներ շպրտվել և վնասել են դեպի Երևան ընթացող «BMW» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


