Կարկուտ և սառցաշերտ․ ինչպիսի վիճակում է Գյումրին
Գիշերը տեղացած տեղատարափ անձրևն ու կարկուտն արտակարգ իրավիճակ են ստեղծել Գյումրիում։ Ինչպես հայտնում է համայնքապետարանի մամուլի ծառայությունը, ինտենսիվ տեղումների պատճառով քաղաքի որոշ հատվածներ հայտնվել են ջրի և սառույցի տակ՝ լուրջ խնդիրներ առաջացնելով բնակիչների և տրանսպորտային միջոցների համար:
«Ամենաբարդ իրավիճակը գրանցվել է Տերյան փողոցից դեպի Ախուրյան տանող կամրջի տակի հատվածում։ Այնտեղ գոյացել էր հսկայական սառցաշերտ, ինչպես նաև ջրային մեծ կուտակումներ, ինչի հետևանքով երթևեկությունն այդ ուղղությամբ ամբողջությամբ կաթվածահար էր եղել և դարձել անանցանելի»,- հայտնում են համայնքապետարանից։
Որոշ հատվածներում սառցաշերտի բարձրությունը հասել է 1,5 մետրի։ Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Չադրյանի խոսքով՝ թեպետ ստորգետնյա ջրատարները գործել են, սակայն ջրի քանակն այնքան շատ է եղել, որ պարզապես հնարավոր չի եղել ժամանակին ապահովել ամբողջական ջրահեռացումը։


