Մամուլ

Կառավարությունը հավանություն չտվեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից 100 հազար դրամ դարձնելու նախագծին

Կառավարությունը հավանություն չտվեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից 100 հազար դրամ դարձնելու նախագծին

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 20-ի նիստում հավանություն չտվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխության նախագծին, որով առաջարկվում է ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68000 ՀՀ դրամից դարձնելով 100 000 ՀՀ դրամ։

Կառավարության որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի համաձայն՝ կառավարությունը մինչև 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85.000 ՀՀ դրամ սահմանելու ուղղությամբ։

Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները։

Այլ կերպ ասած, նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումն անհրաժեշտաբար պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորություններով՝ որպես լրացուցիչ ծախսի ֆինանսավորման աղբյուր և հիմք, մինչդեռ տվյալ դեպքում պարզ չէ, թե մակրոտնտեսական ցուցանիշների ինչպիսի փոփոխություններ են հիմք հանդիսացել խնդրո առարկա նախաձեռնության համար:

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կկազմի միջին աշխատավարձի մոտ 50%-ը, ինչը, կարծում ենք, բավական բարձր է և կարող է հակադարձ ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման վրա, հատկապես, եթե հաշվի առնենք գործազրկության ներկայիս բարձր մակարդակը երիտասարդության և հասարակության ոչ փորձառու (low-skilled) ներկայացուցիչների շրջանում:

փող

Այդ մասին են վկայում նաև ԱՄԿ-ի, ՏՀԶԿ-ի, ԱՄՀի-ի և ՀԲ-ի համատեղ վերլուծության արդյունքները, ըստ որի նվազագույն աշխատավարձի օպտիմալ մեծությունը պետք է լինի միջին աշխատավարձի 25-35%-ի սահմաններում։

Նվազագույն աշխատավարձի շեշտակի բարձրացումը կարող է ուղեկցվել փաստացի արձանագրվող աշխատաժամերի աճով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագիծը չի անդրադարձել գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափին՝ նախագծի ընդունումը կարող է ուղեկցվել նաև ոչ լրիվ դրույքով աշխատողների թվաքանակի աճով:

Զարգացող երկրներում, որտեղ արտահանումը հիմնված է աշխատատար (labor-intesnive) ճյուղերի վրա, նվազագույն աշխատավարձի շեշտակի  աճը կարող է հանգեցնել տնտեսության մրցունակության նվազմանը և արտահանման ծավալների կրճատմանը։ ՀՀ-ի դեպքում նշվածը կարևոր կարող է լինել, օրինակ, մշակող արդյունաբերության համար, քանի որ նվազագույն աշխատավարձ ստացողների մոտ մեծամասնությունը զբաղված է հենց այդ ոլորտում։

Նվազագույն աշխատավարձի՝ հատկապես մեծ չափով փոփոխությունները պարունակում են էական գնաճային ռիսկեր: Տարբեր վերլուծությունների համաձայն նվազագույն աշխատավարձի յուրաքանչյուր 10% ավելացումը կարող է հանգեցնել 0.3-0.7 տոկոսային կետ լրացուցիչ գնաճի:

Նշված պայմաններում նախագծի ընդունումը նպատակահարմար չէ:

Կիսվել նյութով