Մամուլ

Կառավարության շենքի մոտ Կոտայքի մարզի դատախազության դատախազը ոչ սթափ, Tesla-ով՝ խոշոր ավտովթարի հեղինակ․ կան վիրավորներ

Կառավարության շենքի մոտ Կոտայքի մարզի դատախազության դատախազը ոչ սթափ, Tesla-ով՝ խոշոր ավտովթարի հեղինակ․ կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02։10-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արման Մաթևոսյանը իր վարած Tesla մակնիշի 04 SO 001 համարանիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 հասցեի մոտ բախվել է ծառին, առաջ ընթացել և բախվել 36-ամյա Գևորգ Գալստյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Mitsubishi մակնիշի ավտոմեքենային, և առաջ ընթանալով, հայտնվել ՀՀ կառավարության անցագրային կետի մոտ, մասամբ՝ հետիոտնի համար նախատեսված վայրում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Tesla-ի ուղևորներ՝ ՌԴ քաղաքացիներ Անաստասիա Պավլիցկայան և Ռաիսա Նիկոլինա բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրել են ավտոմեքենաները և գազազրկել Mitsubishi ավտոմեքենան։ 

Դեպքի վայրում մի տղամարդ փորձում էր պարեկներին համոզել, որ վարորդը ինքն է եղել, սակայն կարճ ժամանակում պարեկները պարզեցին, որ այդ տղամարդը ստում է։ Տեղում պարզվեց նաև, որ կեղծ վարորդ ներկայացածը Tesla-ի վարորդի հայրն է՝ 50-ամյա Արսեն Մաթևոսյանը։

Տեղում պարեկները մի քանի ժամ փորձում էին Tesla-ի վարորդին սթափության փորձաքննության ենթարկել, սակայն նա անընդհատ ասում էր, թե՝ վատ է զգում, ի վիճակի չէ, և պահանջում էր շտապօգնություն։

2 անգամ պարեկները նրա համար շտապօգնութուն կանչեցին, 2 անգամ էլ նա հրաժարվեց անգամ մոտենալ բժիշկներին։ Ժամեր անց վարորդը ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա եղել է ոչ սթափ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Tesla-ի վարորդ Ա․ Մաթևոսյանը աշխատում է ՀՀ գլխավոր դատախազության Կոտայքի մարզի դատախազությունում որպես դատախազ։

Կիսվել էջում