ՄամուլՏեսանյութ

Ծաղկունք գյուղում կրակոցի հետևանքով մահացել է 62-ամյա տղամարդ․ ոստիկանները կանխել են վրեժխնդրությունը

Այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 08:50-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ծաղկունք բնակավայրի Հակոբ Պարոնյան փողոցի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց և կա զոհ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 62-ամյա տղամարդ է։

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սևակ Խաչատրյանի, վարչության պետի տեղակալներ Արտակ Ղազարյանի, Բաբկեն Հարությունյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Արամ Ղուկասյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Սպանվածն ու սպանողը ազգականներ են, և պատճառը եղել է ֆինանսական պարտք ու պահանջը։ Ամենացավալին նաև այն է, որ տղամարդը իր բարեկամի կողմից սպանվել էր այն զենքով, որը ամիսներ առաջ սպանվածը նվիրել էր նրան։ Էստեղ են ասում  օրը տաքացնողին է կծում, ու նաեւ լավ է, որ Էջմիածնի ոստիկանները շուտ եկան, թե չէ վրեժխնդրություն էր լինելու, չնայած դրա մտավախությունն էլ կա ու դրա համար է, որ ոստիկանները մի քանի տներ վերցրել են իրենց հսկողության տակ։

Բայց դե ցավալի դեպք է, պարտք ու պահանջը այսօր դարձել է մարդկանց կյանքից զրկելու արատավոր երևույթ»։

Մահացածը Ծաղկունք գյուղի բնակիչ 62-ամյա Մանվել Թորոսյանն է, սպանություն կատարողը՝ 48-ամյա Բաբկեն Մինասյանը։

Վաղարշապատի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններով, տաք հետքերով հայտնաբերել ու վնասազերծել են կասկածյալին, ում մոտ եղել է նաև հանցագործության գործիք որսորդական հրացանը։ Նրան և հրացանը Վաղարշապատի ոստիկանները ներկայացրել են Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում