Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 16:50-ի սահմաններում «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան Գագարին բնակավայրից դեպի Ծաղկունք բնակավայր տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգու օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Սևան» բժշկական կենտրոնում քննարկվում է վիրավորներին, որոնց կյանքի համար պայքարում են բժիշկները, ռեանիմոբիլով տեղափոխեն Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։





