Մամուլ

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են ՎԱԶ 2106-ն ու ՎԱԶ 2107-ը, 7 վիրավորներից 5-ը դպրոցի ուսուցիչներ են

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են ՎԱԶ 2106-ն ու ՎԱԶ 2107-ը, 7 վիրավորներից 5-ը դպրոցի ուսուցիչներ են

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 196 կմ հատվածում՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում, բախվել են ՎԱԶ 2103 և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։ Վիրավորներին քաղաքացիների հետ ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները։

Օպերատիվորեն ժամանել են նաև Սիսիանի զինհոսպիտալի բժիշկները՝ հոսպիտալի պետ Դանիել Մկրտչյանի գլխավորությամբ, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել մի մասին՝ «Սիսիան» ԲԿ, մի մասին էլ՝ Սիսիանի զինվորական հոսպիտալ։

xoshor avtovtar syuniq

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթի իրականացման ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արիստակես Գրիգորյանի, բաժնի պետի տեղակալ Գոռ Թովմասյանի գլխավորությամբ։

Վթար փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորների մեջ են Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի հիմնական դպրոցի ռազմագիտության ուսուցիչն ու մի քանի ուսուցչուհիներ։

Կիսվել էջում