Մամուլ

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. վարորդի կյանքը փրկվել է ամրագոտու շնորհիվ

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. վարորդի կյանքը փրկվել է ամրագոտու շնորհիվ

Shamshyan.com-ը գրում է․ Ապրիլի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:05-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 63 Արթուր Օ-ն, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Քանաքեռավան-Մրգաշեն գյուղամիջյան ճանապարհին՝ Մրգաշենի տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե սյուներին և մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին ու հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում վարորդի հարազատները նշում էին, որ վարորդն իրենց հայտնել է, որ ինքը ավտոմեքենայի մեջ ամրագոտին կապած է եղել, դրա համար էլ մեքենայից դուրս չի ընկնել, ու եթե ամրագոտին կապած չլիներ, վթարն ավելի վատ հետևանքներ կունենար։

Կիսվել էջում