Մամուլ

Լոռու մարզի դատախազի տեղակալի թեժ հարցաքննությունը՝ «Ալավերդցի Վահագից» խոշոր կաշառք ստանալու գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ շարունակվեց Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ, արդարադատության գնդապետի կոչում ունեցող Թաթուլ Շուշանյանի, նույն վարչության ՀԿԳ նախկին քննիչներ Արտակ Հովհաննիսյանի ու Արայիկ Ներսիսյանի գործով հերթական դատական նիստը:

Երեք ամբաստանյալներից ներկայումս կալանքի տակ է միայն Թաթուլ Շուշանյանը, ում համար նախորդ նիստերից մեկում անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԲՀԿ-ական 6 պատգամավոր, սակայն դատարանը մերժել էր պատգամավորների անձնական երաշխավորությամբ Թաթուլ Շուշանյանին ազատ արձակելու միջնորդությունները:

Նախկինում իրավապահ բարձր պաշտոն զբաղեցրած Թաթուլ Շուշանյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նախկին ՀԿԳ քննիչ Արտակ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ նախկին ՀԿԳ քննիչ Արայիկ Ներսիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Թաթուլ Շուշանյանը, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, քրեական աշխարհում ճանաչված «Ալավերդցի Վահագի», ինչպես նաև Վլադիմիր Դավթյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, ինչպես նաև անգործություն դրսևորելու համար «Ալավերդցի Վահագից»՝ Վահագն Աբգարյանից պահանջել ու անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Ըստ մեղադրանքի՝ ՀԿԳ նախկին քննիչներ Արտակ Հովհաննիսյանն ու Արայիկ Ներսիսյանը նույնպես չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, իսկ Արտակ Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի, նաև խոշոր չափերի՝ 500 դոլար կաշառք է վերցրել:

Գործի նախապատմությունը հետևյալն է՝ 2017 թվականի հունիսի 13-ին, ժամը 12-ն անց 10 րոպեին Վլադիմիր Դավթյանը Ալավերդու Թումանյան 20 հասցեում գտնվող ծաղկի խանութից «Մակարով» ատրճանակով կրակել ու սպանել է փողոցում գտնվող Կամո Փիրուզյանին: Վլադիմիր Դավթյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության ու ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Գործի քննության ընթացքում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունը վարույթն իրականացնող մարմնին գրավոր տեղեկացրել է, որ ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ Կամո Փիրուզյանի սպանությունը ոչ թե սպանողի ու սպանվածի անձնական թշնամության արդյունք է, այլ՝ կազմակերպված է եղել «Ալավերդցի Վահագի» կողմից՝ մի շարք այլ անձանց օժանդակությամբ, այսինքն՝ պատվերով սպանություն է:

Ըստ մեղադրանքի՝ հիշյալ գործի քննության ընթացքում էլ ներկա քրեական գործով ամբաստանյալներ Թաթուլ Շուշանյանը, ով անձնական հանդիպումներ ու զրույցներ է ունեցել «Ալավերդցի Վահագի» հետ, ինչպես նաև նրա անմիջական ենթականեր՝ տվյալ վարչության ՀԿԳ քննիչներ Արտակ Հովհաննիսյանն ու Արայիկ Ներսիսյանը, անձնական շահագրգռվածություններ ունենալով, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները:

Դատական այս նիստին որպես վկա հարցաքննվեց վերոհիշյալ սպանության գործի քննության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացրած դատախազ Արմեն Շիրոյանը, ով ներկայումս Լոռու մարզի դատախազի տեղակալն է:

Վկան նշեց, որ Կամո Փիրուզյանի սպանությունից հետո եղել է դեպքի վայրում, ինքը բնակվում է Ալավերդիում, արագ գնացել է դեպքի վայր: Թաթուլ Շուշանյանին դեպքի վայրում չի հիշում: Այնտեղ չի եղել նաև Արայիկ Ներսիսյանը:

Վկան պնդեց, որ սպանության այդ գործով Թաթուլ Շուշանյանի ու իր մասնակցությամբ որևէ քննարկում չի եղել, այդ գործով Շուշանյանն իր մոտ՝ դատախազություն չի եկել: Այդ գործով ինքը հիմնականում շփվել է քննիչ Արայիկ Ներսիսյանի հետ: Սպանության որակման հարցով նույնպես ինքը Շուշանյանի հետ քննարկում չի ունեցել, քննարկումներ եղել են քննիչ Ներսիսյանի հետ, միգուցե քննիչը հետո ասել է Շուշանյանին:

Վկա Արմեն Շիրոյանը պնդեց, որ ներկա գործով իր վրա ճնշում չի գործադրվել, իրեն չեն հորդորել, որ այլ կերպ ցուցմունքներ տա:

Կամո Փիրուզյանի սպանության գործով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ որպես «հասարակ» սպանություն: Այո, խնդիր եղել է արարքի որակման հետ կապված՝ գործը 104 հոդվածի ավելի ծանր՝ 2-րդ մասով՝ որպես շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանություն որակելու առնչությամբ, բայց քրեական գործի հարուցման փուլում ինքը՝ որպես քննությունը հսկող դատախազ՝ խնդիր չի տեսել, հետագա քննության ընթացքում մեղադրանքը կարող էր փոփոխվել: Սկզբնական փուլում արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով որակելով՝ որևէ մեկի իրավունքները չէին խախտվել:

Վկան նշեց՝ սպանության գործի քննությունը տևել է մոտ երեք ամիս, որից մեկ ամիսը ինքը գտնվել է արձակուրդում, իրեն փոխարինել են: Գործի քննության սկզբնական փուլում Լոռու մարզի դատախազը Էլիզբարյանն էր, իսկ գործի հետագա քննության ու նախաքննության ավարտման փուլում դատախազը Մարտիրոսյանն էր:

Սպանության գործի նախաքննության ավարտից մոտ տասն օր առաջ քննարկում է եղել մարզի դատախազ Մարտիրոսյանի մոտ, որին մասնակցել են ինքն ու քննիչ Արայիկ Ներսիսյանը: Վերջինս քննարկման սկզբում ասել է, որ արարքի որակումը 104 հոդվածի 1-ին մասով է: Քննարկման ընթացքում ինչպես մարզի դատախազը, այնպես էլ ինքը՝ գործի քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, այն կարծիքն են հայտնել, որ արարքը պետք է որակվի 104 հոդվածի 2-րդ մասով: Արայիկ Ներսիսյանը ոչինչ չի ասել, ինքը դա ընկալել է՝ որպես նրա համաձայնություն իրենց տեսակետին: Նա ասել է, թե ինչ-որ գործ ունի, որը կավարտի մոտ տասն օրից, ապա կանդրադառնա Փիրուզյանի սպանության գործին: Այս ասելով՝ Արայիկ Ներսիսյանը դուրս է եկել դատախազի մոտից: Երբ ինքն էլ է դուրս եկել, Արայիկ Ներսիսյանը դրսում իրեն ասել է, որ այնուամենայնիվ՝ իր համոզմամբ արարքի որակումը 104 հոդվածի 1-ին մասով է: Ինքը անհարմար է համարել նորից հետ գնալ մարզի դատախազի մոտ ու հայտնել քննիչի դիրքորոշման մասին՝ «սիրուն չէր», մտածել է՝ քննիչը դեռ թող գործը քննի, ընթացքում կքննարկեն: Այդ պահին հարկ չի համարել նաև գրավոր ցուցում տալ քննիչին

Վկան ասաց՝ որպես գործի քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ՝ ինքն ուսումնասիրում էր գործի նյութերը, պարբերաբար շփվում էր Արայիկ Ներսիսյանի հետ՝ և՛ նա էր իրեն զանգում, և՛ ինքն էր զանգում: Այնպես չէ, որ գործի քննության բոլոր պահերին դատախազը պետք է քննիչի կողքին լինի՝ Ներսիսյանը գործով հարցաքննություններ, առերեսումներ է կատարել, իսկ ինքը մշտապես տեղեկություններ է ստացել, ծանոթացել է նյութերին՝ իրենց աշխատավայրերը մոտ էին, շփումը ավելի սերտ էր, բայց քննիչն իր գործն էր անում, դատախազը՝ իր:

Արմեն Շիրոյանն ասաց, որ Կամո Փիրուզյանի սպանության գործն իր համար «սովորական», ընթացիկ գործ էր, այդ պատճառով որոշ մանրամասներ հնարավոր է՝ չհիշի, Արայիկ Ներսիսյանի համար միգուցե այն «արտառոց» գործ է եղել, և նա մանրամասներ է հիշում:

Վկան նշեց՝ մարզի դատախազի մոտ քննարկումից մի քանի օր հետո, երբ ինքը պահանջել է գործի նյութերը, պարզվել է, որ քննիչ Արայիկ Ներսիսյանը հայտարարել է նախաքննության ավարտ՝ 104 հոդվածի 1-ին մասով: Ինքը որոշում է կայացրել 104 հոդվածի 2-րդ մասով որակելու մասին, որոշումն ուղարկել է քննիչ Ներսիսյանին՝ միգուցե նա ցանկություն ունենար բողոքարկելու, իսկ գործն ուղարկել է գլխավոր դատախազություն:

Պաշտպանական կողմի հարցադրումների մի մասի էությունն այն էր, թե ինչպե՞ս է քննիչը, իմանալով մարզի դատախազի ու հսկող դատախազի դիրքորոշումը, քննության ավարտական փուլում սպանության հոդվածի այլ՝ ավելի մեղմ մասով որակել արարքն ու կազմել մեղադրական եզրակացությունը:

Արայիկ Ներսիսյանը վկային ուղղված հարցերի ընթացքում հայտարարեց, որ սովորաբար «90 տոկոսը դատախազության ասածով ա էղել»:

Վկա Արմեն Շիրոյանը, պատասխանելով պաշտպանական կողմի հարցերին, ասաց, թե գործի հարուցման պահին չի պնդել, որ 104 հոդվածի 2-րդ մասով հարուցվի գործը, քանի որ սպանության՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված լինելու հանգամանքի շուրջ դեռ քննություն պիտի կատարվեր՝ դեպքի վայրում բնակչության տեղաշարժի, այնտեղ դեպքի պահին գտնվող մարդկանց մասին տվյալներ պիտի հավաքվեին, վկաներ պիտի հարցաքննվեին:

Տուժողի ներկայացուցիչը հիշեցրեց, որ սպանության գործով լինելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, քննիչ Ներսիսյանին բացարկի միջնորդություն է ներկայացրել՝ նշելով, թե նա գործը պետք է հարուցեր ոչ թե 104 հոդվածի 1-ին, այլ 104 հոդվածի 2-րդ մասով: Դատախազ Շիրոյանը միջնորդությունը մերժել է, սակայն նշել է, թե արարքի որակման հարցը դեռ պիտի քննարկվի: Եվ, ինչպես վկա Շիրոյանը նշում է իր ցուցմունքում, այդ քննարկումը եղել է մարզի դատախազի մոտ, դատախազության դիրքորոշումը նույնպես եղել է, որ արարքը պետք է որակվեր 104 հոդվածի 2-րդ մասով:

Ամբաստանյալ Արայիկ Ներսիսյանը վկային հարց ուղղելով՝ նշեց, թե ինքը հսկող դատախազ Շիրոյանի հետ քննարկել է արարքի որակման հարցը, որակել է 104 հոդվածի 1-ին մասով, իսկ երբ այդ մասին հայտնել է քննչական կոմիտեում, իրեն հարցրել են՝ քննարկե՞լ է դատախազությունում, ինքն ասել է՝ այո, իր կարծիքով՝ դատախազի դիրքորոշումն էլ է եղել, որ արարքը 104 հոդվածի 1-ին մասով ճիշտ է որակված, այլապես նա իրեն գրավոր ցուցմում կտար…

Վկա Արմեն Շիրոյանն ընդունեց, որ սպանության գործով քննիչին գրավոր ցուցում չի տվել, բայց մարզի դատախազի մոտ քննարկման ժամանակ մարզի դատախազի ու իր դիրքորոշումը եղել է այն, որ արարքը 104 հոդվածի 2-րդ մասով պիտի որակվի, քննարկման ավարտին քննիչ Ներսիսյանը մարզի դատախազի ու իր դիրքորոշման դեմ չի առարկել, անհամաձայնություն չի հայտնել, ասել է՝ այս գործին կանդրադառնա մոտ տասն օր անց: Բայց մոտ տասն օր անց նա հայտարարել է քննության ավարտը ՝ արարքը որակելով 104 հոդվածի 1-ին մասով…

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Լ. Սահակյանը հայտարարությամբ հանդես եկավ պաշտպանական կողմի հարցադրումների հետ կապված՝ ասելով, թե իր կոլեգաները շատ լավ գիտեն, որ գործի քննության ընթացքում մեղադրանքը կարող է նույնիսկ տասնյակ անգամ փոփոխվել: Խնդիր է առաջանում միայն վերջնական մեղադրանքի ժամանակ, երբ գործի նախաքննությունը հայտարարվում է ավարտված, գործն ուղարկվում է դատարան:

Քննարկվեց հարցը, թե մարզի դատախազի կարծիքը՝ տվյալ գործով արարքի որակման հարցով, որքանո՞վ էր պարտադիր քննիչի համար: Վկան նշեց, որ մարզի դատախազը, որպես իրավաբան, կարծիք է հայտնել, իրենք, որպես իրավաբաններ, քննարկել են, եկել են եզրակացության:

Գործի քննության ընթացքում հսկող դատախազի կողմից քննիչին գրավոր ցուցումներ չտալը կարո՞ղ էր քննության ուղղության վերաբերյալ նրա համաձայնության նշանը լինել՝ պաշտպանական կողմը հետաքրքրվեց վկա դատախազից: Վերջինս դարձյալ պնդեց, որ ինքը քննության ընթացքին անընդհատ հետևել է, անընդհատ բանավոր շփումներ է ունեցել քննիչի հետ, ծանոթացել է գործի նյութերին, իսկ ավարտական փուլում մարզի դատախազի մոտ քննարման ժամանակ հայտնել է իր գնահատականը, բայց քննիչը քննությունն ավարտել է արարքի այլ որակումով: Քննիչը կարող էր իր որոշումը կայացնել, դատախազն էլ կայացրել է իր որոշումը, գործն ուղարկել է գլխավոր դատախազություն…

Պաշտպանական կողմն իր հարցերը վկա Արմեն Շիրոյանին չսպառեց: Ամբաստանյալ Արայիկ Ներսիսյանի շահերի պաշտպան, փաստաբան Սաֆարյանը, ասելով, թե անհետաձգելի գործ ունի, առանց դատարանի թույլտվության, հայտարարված կարճ ընդմիջման ժամանակ հեռացավ դատարանից:

Վկա Արմեն Շիրոյանի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին՝ հունիսի 21-ին:

Կիսվել էջում