Աշխարհ

Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի եռակողմ հայտարարությունում նշված նպատակների համար. Զախարովա

Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի եռակողմ հայտարարությունում նշված նպատակների համար. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի «էկոակտիվիստների» կողմից Լաչինի միջանցքի փակմանը: Զախարովայի հայտարարությունում նշված է. 

«Մենք մտահոգություն ենք հայտնում, համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, Լաչինի միջանցքի երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի լիարժեք գործունեության վերականգնման հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ։

Ռուսական կողմը, մասնավորապես, ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։

Մենք շեշտում ենք, որ հենց ռուս խաղաղապահներն առանցքային ներդրում ունեն իրենց տեղակայման տարածքում անվտանգության ապահովման գործում, ինչը նշել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն այս տարվա հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած գագաթնաժողովում։

Ցանկացած հրապարակային հարձակում և սադրանք մեր խաղաղապահների դեմ համարում ենք անընդունելի ու կանխամտածված գործողություններ, որոնք զգալի վնաս են հասցնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Կոչ ենք անում Բաքվին և Երևանին խստորեն պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները:

Մենք նշում ենք, որ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն սույն փաստաթղթում նշված նպատակների համար։ Հուսով ենք, որ կողմերը համաձայնության կգան տարածաշրջանում հանքավայրերի շահագործման հարցում։

Կողմ ենք ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ շարքի համապարփակ իրականացմանը, որոնք ուղղված են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը և երկու երկրների փորձագետների, խորհրդարանականների ու հասարակական գործիչների միջև կապերի հաստատմանը»: 

Կիսվել էջում