Ազատ խոսքՔաղաքականություն

Իշխանության կողմից նոր ընդդիմության մասին անընդհատ խոսելը քաղաքական անքթածակություն է․ Անի Սամսոնյան

Իշխանության կողմից նոր ընդդիմության մասին անընդհատ խոսելը քաղաքական անքթածակություն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր՝ Անի Սամսոնյանը։

«Ու՞մ սիրտն է ուզում «նոր ընդդիմություն»։

2018 թվականից հետո Հայաստանում նոր ընդդիմության մասին խոսում են իշխանությունը և արտախորհրդարանական ուժերը։

Սկսենք իշխանությունից։

Ակնհայտ է, որ այսօր խորհրդարանական ընդդիմության ակտիվությունը իշխանության սրտով չէ, և վերջինս չի հաշտվում այն մտքի հետ, որ մենք վաղուց մեկ դաշինքում չենք, մենք տարբեր ենք և մեր հայտարարություններն առ այն, որ զսպելու և հավասարակշռելու ենք իրենց՝ ամենևին կատակ չէին։

Եվ որքան մենք ավելի հետևողական ենք բարձրաձայնում համակարգում կոռուպցիոն ռիսկերի, վատ և մանիպուլյատիվ կառավարման վերաբերյալ, այնքան իշխանությունը փորձում է դիմադրել հախուռն՝ օգտագործելով նաև ոչ ընդունելի մեթոդներ։

Օրինակ մեր՝ Լուսավոր Հայաստանի դեպքում չեն կարող հակազդել (բացի երրորդ ճանապարհից ուրիշ բան չգիտեն և չունեն) այնքան էմոցիոնալ, որքան նախկինների դեմ՝ օգտագործելով թալանչի, կոռուպցիոներ, դավաճան, ռեժիմի ստրուկ կարծրատիպերը։

Ըստ այդմ նրանց գործը բարդացել է։ Չեն կարողանում կռիվ տալ բովանդակային դաշտում։ Հետևաբար անհրաժեշտ է մտածել նոր ընդդիմության մասին՝ իշխանությունից ավելի թույլ և իշխանության կիթառի տակ ննջող գրպանային ընդդիմության մասին։

Անհրաժեշտ է այդպիսին դիտարկվող ուժերին հնարավորինս աջակցել բոլոր ռեսուրսներով, հատկապես տեղեկատվական, օրինակ պահել Հանրային հեռուստաընկերության էկրաններին, կամ տեղավորել թերթերի ու էլեկտրոնային կայքերի տեսանելի տեղերում։

Բայց պետք է ասեմ, որ իշխանության կողմից նոր ընդդիմության մասին անընդհատ խոսելը քաղաքական անքթածակություն է, որովհետև այդպիսով նրանք միանում են արտախորհրդարանական հին ռեժիմից մնացած ուժերի պայքարին՝ ապալեգիտիմացնելու նոր խորհրդարանը և սեփական 88 պառլամենտականին: Դա նույնն է, ինչ կրակես սեփական ոտքիդ։

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ընդդիմությանը, ապա այստեղ հստակ է՝ ովքեր են այդ «նոր ընդդիմության» ջատագովները։ Նախկին համակարգի ուժերը՝ ՀՀԿ-ն, դրա արբանյակները, Միքայել Մինասյանը իր բզկտված շրջապատով և Ռոբերտ Քոչարյանի ակումբը։

Եվ բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ խորհրդարանում ընդդիմություն չկա, ծառայում են այս գործիչներին, որովհետև նրանք են ամենաշատը ուզում, որ պառլամենտը վարկաբեկվի և ապալեգիտիմացվի և լինեն նոր ընտրություններ։

Հիմա, եթե նոր ձևավորվող ինչ-որ խմբակների հետևում իշխանությունը չի կանգնած, ապա ոնց են նրանք հայտնվում Հ1-ում /պատահական մարդիկ այնտեղ երբեք չեն հայտնվել ու չեն հայտնվի, որովհետև միակ հանրային ալիքի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել/ և արժանանում իշխանությունների ծափողջույններին։

Եթե իշխանությունը չի կանգնած, ուրեմն այդ մարդիկ ծառայում են այն ուժերին, որոնք ուզում են թուլացնել հեղափոխական իշխանությունը, վիժեցնել քաղաքական նոր համակարգի ստեղծումը և հասնել արտահերթ ընտրությունների։ Երկու պարագայում օգտագործվողները պրոբլեմ ունեն:

Նաև՝ անհասկանալի է, երբ հեղափոխությունը ծաղրողները փորձ են անում հեղափոխությունը պաշտպանել Նիկոլ Փաշինյանից։ Հռոմի պապից ավելի կաթոլիկ պետք չի լինել»։

Կիսվել նյութով