Մամուլ

Ինչ վիրահատություն է տարել Գագիկ Ջհանգիրյանը․ «Հրապարակ»

Ինչ վիրահատություն է տարել Գագիկ Ջհանգիրյանը

Hraparak.am-ը գրում է․ Այսօր առավոտյան լուր տարածվեց, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրներ ունի պետք է վիրահատության ենթարկվի:

Սակայն, իրականում, սա նրա հրաժարականի նախերգանքն է: Սովորաբար առողջական խնդիրներով պայմանավորված են դիմում գրում ազատվում: Պարզ է, որ սորոսական ՀԿ-ների արշավը Գագիկ Ջհանգիրյանի դեմ հայտնի ձայնագրությունից հետո, չէր կարող նրա համար անհետեւանք անցնել եւ ըստ ամենայնի Նիկոլ Փաշինյանը որոշել է Ջհանգիրյանին «ժերտվա» տալ մի քանի նապաստակ բռնելով:

Մի կողմից կբավարարի սորոսականների պահանջը, որոնք վերջին շրջանում դժգոհություններ ունեն նրա վարած քաղաքականությունից եւ իրականացրած քայլերից: Մյուս կողմիցցույց կտա, որ ինքը չի Գագիկ Ջհանգիրյանի «վզին դնողը», այլ այնքան է վրդովված, որ նրան ազատում է աշխատանքից:

Երրորդն էլ այն է, որ Գագիկ Ջհանգիրյանից վաղուց դժգոհություններ ունեին նա լավ չէր իրականացնում դատական համակարգը կառավարելու գործառույթը երբեմն իշխանության հակառակորդները պլստում էին պատժից, կալանքներից:

gagik jhangiryan 1

Հիմա Ջհանգիրյանի փոխարեն ավելի հնազանդ կատարող եւ դատավորների նկատմամբ ավելի խիստ վերակացու կնշանակեն եւ բոլորը գոհ ու երջանիկ կլինեն: Բնականաբար բացի Ջհանգիրյանից:

Ինչ վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանին, ապա նա, իրոք, հիվանդանոցում է: Մեր տեղեկություններով, Հանրապետականում` «Արմենիա» բժշկական կենտրոնում, որտեղ ողնաշարի գրիժայի վիրահատություն է նախատեսված իրականացնել:

Գուցե այս վիրահատությունը նաեւ ժամանակ շահելու համար է, քանի որ վաղուց էր ծրագրված եւ հենց այս պահին հիվանդանոց պառկելը հույժ անհրաժեշտությունից չէր բխում:

«Հրապարակը» կապ հաստատեց «Արմենիա» ԲԿ ընդունարան, որտեղ, լսելով մեր հարցը, թե ինչ բժշկական միջամտության է ենթարկվել պարոն Ջհանգիրյանն, ասացին, որ ամբողջական տեղեկատվություն կարող է տրամադրել ԲԿ տնօրենի վիրաբուժական գծով տեղակալ Աշոտ Կորյունի Կուրղինյանը:

Նա մեզ հետ զրույցում նախ ասաց. «Իսկ Ձեզ ո՞վ ասաց, որ պարոն Ջհանգիրյանը մեզ մոտ է: Ես հիմա Ձեզ ոչ մի բան չեմ կարող պատասխանել, մանավանդ զանգերով ինտերվյու չեմ տալիս, հարցերին էլ չեմ պատասխանում, անծանոթ զանգերին էլ», եւ հավելեց, որ բժշկական գաղտնիք է, չեն կարող բացահայտել:

Կիսվել նյութով