Մամուլ

Ինչ պատիժ է նախատեսված օտարերկրացիների կողմից Հայաստանում լրտեսություն անելու համար

Ինչ պատիժ է նախատեսված օտարերկրացիների կողմից Հայաստանում լրտեսություն անելու համար

Երեկ ԱԱԾ-ն հայտնել էր, որ քրեադատավարական պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ զինված ուժերին պատկանող մարտական տեխնիկայի, սպառազինության շարժի, զորամասերի տեղակայման վայրերի, ինչպես նաեւ ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքին մասնակցող անձանց եւ նրանց քանակի վերաբերյալ որոշակի տեղեկություններ հավաքելու մասին փաստական տվյալներ, որպիսիք քննության այս փուլում բավարար են եղել կասկածանքը հիմնավոր համարելու համար, ուստի 2020 թվականի հոկտեմբերի 2-ին հիշյալ անձինք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածի (լրտեսություն) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 38-302-րդ հոդվածի (ՀՀ քաղաքացու կողմից լրտեսությանն օժանդակելու) կասկածանքով:

ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով սահմանվում է.

Օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքելը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, եթե այդ գործողությունները կատարվել են օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից՝

պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 38. Օժանդակող է համարվում այն անձը, ով հանցագործությանն օժանդակել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիսի առարկաները:

38-302-րդ հոդվածի դեպքում ևս պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Կիսվել էջում