Շոու-բիզնես

Ինչպես 23-ամյա Արմինեն հայտնվեց Gucci-ի տեսադաշտում և Ալեսանդրո Միկելեն ընտրեց նրան․ ֆոտո

Ինչպես 23-ամյա Արմինեն հայտնվեց Gucci-ի տեսադաշտում և Ալեսանդրո Միկելեն ընտրեց նրան։ Հայ մոդելը մասնակցել է Gucci-ի ցուցադրությանը․ այս նորությունը բավականին լայն տարածում գտավ հայկական մամուլում՝ հայտնվելով լսարանի ուշադրության կենտրոնում: Համաշխարհային ճանաչում ունեցող բրենդի ցուցադրությանը հայտնվելու մասին շատ մոդելներ են երազում, իսկ ահա Արմինեն չէր էլ մտածում մոդելային կարիերայի մասին, սակայն հայտնվեց այդ ցուցադրությանը:

Արմինեն Tert.am Life-ին պատմել է, թե ինչպես հայտնվեց Միլանի նորաձևության շաբաթվա գլխավոր ցուցադրություններից մեկին ու ինչպես ակամա մոդել դարձավ:

Աղջիկը գարնանը մեկնել էր Բեռլին՝ ներկա լինելու իր սիրելի կորեական խմբի համերգին: Հենց Բեռլինի փողոցում էլ նրան մոտեցել է մի աղջիկ, որը ֆեյշըն սկաուտ է եղել և առաջարկել լուսանկարել:

«Նա ինձ խնդրեց նկարել, հետո փոխանակվեցինք կոնտակտներով: Ավելի ուշ նա ինձ գրեց, որ լուսանկարս ուղարկել է Gucci-ին և ինձ ուզում են տեսնել ֆեյշըն շոուի ժամանակ: Ինձ խնդրում էր հաջորդ օրը մեկնել, սակայն ասացի, որ չեմ կարող, Եվրոպա մեկնելու համար մենք պետք է դիմենք վիզայի համար: Ավելի ուշ նա ինձ գրեց, որ միևնույն է, ինձ ուզում են տեսնել և հրավիրում են Գարուն-ամառ հավաքածուի ցուցադրության քասթինգին»,- պատմեց Արմինեն:

Արմինե Հարությունյան

Նրա խոսքով՝ քասթինգին շատ են կարևորել բնական տեսքով ներկայանալը: «Սովորաբար քասթինգներին ներկայանում են բարձրակրունկներով, բայց իրենք ասել էին, որ ներկայանանք ցածրակրունկ կոշիկներով, արտասովոր ձևով չքայլենք, ներկայանանք այնպես, ինչպես առօրյայում: Gucci-ն առանձնանում է նրանով, որ գնում է դեպի բնականը:

Այդ իսկ պատճառով քասթինգը հանգիստ անցավ: Քասթինգը հենց Ալեսանդրո Միկելեն էր անցկացնում: Հաճելի էր լինել այնտեղ,- ասաց երիտասարդ հայուհին, որը քասթինգի ժամանակ հասցրել է տպավորել իր արտասովոր կոշիկներով: -Հագուստները փորձելու ժամանակ այնտեղի դիզայներներից մեկը նկատեց կոշիկներս ու նկարելու ցանկություն հայտնեց, որովհետև արտասովոր ու հետաքրքիր էին»:

Արմինե Հարությունյան

Բուն ցուցադրության օրը Արմինեն վառ տպավորություններ է ստացել: Ասում է՝ ամեն ինչ շատ կազմակերպված էր: Վաղ առավոտից պատրաստվում էին ցուցադրությանը: «Մեծ քանակությամբ դիմահարդարներ, վարսահարդարներ էին աշխատում, որպեսզի ցուցադրությունը պատշաճ մակարդակի անցնի: Ամեն բան իդեալական էր: Մինչև պոդիում բարձրանալը շատ փորձեր ենք ունեցել, որպեսզի ճիշտ կանգնենք և ճիշտ ներկայանանք: Շատ հաճելի էր գտնվել նման միջավայրում, նման մարդկանց հետ շփվել: Նաև շատ ընկերներ ձեռք բերեցի տարբեր երկրներից»,- պատմեց նա:

Ցուցադրության համար Արմինեի հագուստն ընտրել են մասնագետները: Կերպարային փոփոխության նրան չեն ենթարկել, թեև ինքը շատ էր ցանակնում էքսպերիմենտ անել․ «Կային մասնակիցներ, որոնց մազափունջ էին ավելացրել, հոնքերի ձևն էին փոխել: Շատ էի ուզում, որպեսզի ինձ էլ կերպարային ինչ-որ փոփոխություն ենթարկեին, հետաքրքիր կլիներ, թե ինչպես կնայվեր այդ փոփոխությունն ինձ վրա, սակայն ոչինչ չփոխեցին»:

Արմինե Հարությունյան

Արմինեն չի քայլել պոդիումում, հագուստ է ցուցադրել շարժասանդուղքներ կանգնած: Խոստովանում է՝ պոդիումում քայլել էլ շատ կցանկանար, սակայն այնտեղ հայտնվելն արդեն իսկ մեծ պատիվ է իր համար․ «Իհարկե, կուզեի նաև քայլել, սակայն երբ դու այս ամենի մասնակիցն ես, արդեն մեծ պատիվ  է: 200 աղջիկ, որոնք շատ գեղեցիկ էին, չէին անցել նախնական քասթինգը ու տխուր հեռանում էին: Ա

յնտեղ էլ, երբ ծանոթացա մասնակիցների հետ և իմացան, որ առաջին քայլս է այս ոլորտում, զարմացած էին, որ առաջին մասնակցությունս միանգամից Gucci-ի ցուցադրությանն է եղել, իրենք երկար աշխատել էին այդտեղ հայտնվելու համար: Սակայն Gucci-ն հայտնի է նրանով, որ միշտ նոր դեմքերի է փնտրում ու կարող է ցուցադրության հրավիրել մոդելների, որոնք համապատասխան չեն ընդունված չափանիշներին»:

Արմինե Հարությունյան

Հետագայում նոր համագործակցություն կլինի՞, թե՞ ոչ, Արմինեն չգիտի, որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերել: Ասում է, եթե կրկին նման առաջարկ ստանա, սիրով կհամաձայնի, սակայն կանխատեսումներ անել չի ուզում:

«Չէի սպասում այսպիսի արձագանքի: Ես նույնիսկ չգիտեմ, թե հետագայում ինչ կլինի: Հիմա ոչինչ չեմ մտածում, դեռ ուշքի չեմ գալիս: Ինքնաթիռից իջել եմ ու անմիջապես աշխատանքի եկել»,- ասաց երիտասարդ աղջիկն ու հավելեց, որ շատ է սիրում իր մասնագիտությունն ու այն փոխելու մասին չի մտածում: Նա սովորել է նախ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, ապա Թատերական ինստիտուտում: Մասնագիտությամբ կինոյի և թատրոնի նկարիչ է: Այժմ աշխատում է «ԲեթԿոնստրակտ» ընկերությունում որպես գրաֆիկ-դիզայներ, ինլյուստրատոր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով