Մամուլ

Ի՞նչ զորաշարժեր է իրականացնում Իրանը սահմանին. իրանագետ

Ի՞նչ զորաշարժեր է իրականացնում Իրանը սահմանին. իրանագետ

168.am-ը գրում է․ Արցախի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի աննախադեպ ռազմական սադրանքների ու հրադադարի ռեժիմի խախտումների ֆոնին իրանական համացանցային աղբյուրներում տեղեկություններ ու տեսանյութեր տարածվեցին, թե իրանական կողմը զորաշարժեր է իրականացնում իրանաադրբեջանական սահմանին:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում նախօրեին գրել էր, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդրսահմանային գործողություններ իրականացնող «Ղոդս» ստորաբաժանման հետ ասոցիացվող տելեգրամյան ալիքը տեսանյութ է տարածել այն մասին, թե ինչպես է իրանական զիտեխնիկան շարժվում դեպի արհեստածին Ադրբեջանի հետ սահման։

Իրանն Ադրբեջանին վերաբերմունք է ցույց տալիս

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում, խոսելով իրանական արձագանքների մասին, ասաց, որ տելեգրամյան ալիքը, որը տարածեց տեսահոլովակը, բնականաբար, ԻԻՀ Պահապանների կորպուսի պաշտոնական տելեգրամյան ալիքը չէ և ընդհանրապես չի էլ կարող նման պաշտոնական ալիք գոյություն ունենալ, որովհետև Իրանում Տելեգրամ հավելվածը իրանական կողմից արգելափակված է:

iran agn

Բայց, նրա խոսքով, կա մի շատ կարևոր հանգամանք՝ ակնհայտ է, որ Իրանի նման պետության պարագայում նման ալիք չէր կարող գոյություն ունենալ, եթե այդ ալիքն անմիջականորեն չաշխատեր իրանական պատկան մարմինների գիտությամբ, անմիջական համակարգմամբ:

«Հետևաբար՝ պարզ է, որ մենք գործ ունենք Իրանի վերաբերմունքի հետ, անկախ այն հանգամանքից՝ այդ ալիքը պաշտոնակա՞ն է, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է կոնկրետ տեղեկատվությանը, ապա դատելով կադրերի սեզոնայնությունից, կարծում եմ, որ պետք է հավաստի համարել այդ տեսանյութը:

Բացի այդ, չեմ կարծում, թե նման ալիքն ապատեղեկատվական բնույթի նյութ կտեղադրեր: Ակնհայտ է, որ իրանական կողմը որոշակի ռազմական տեխնիկա է տեղափոխել Ադրբեջան արհեստածին կազմավորման հետ սահմանային գոտի, ընդ որում՝ ուշագրավ էր, որ տելեգրամյան ալիքում ընդհանրապես Ադրբեջանական Հանրապետություն պաշտոնական անվանումը չէր կիրառվել, խոսքը Հյուսիսային Ադրբեջան նահանգի մասին էր, ինչը ցույց է տալիս, որ նաև քարոզչական մակարդակում իրանական կողմն այս պետության հանդեպ ունի յուրատեսակ դիրքորոշում։

Այսինքն՝ այս պետության իրավական գոյությունն առնվազն քարոզչական տիրույթում խնդրահարույց է համարում, և սա միակ դեպքը չէ, բազմաթիվ այլ դեպքեր էլ կան»,- ասաց նա:

Մթնոլորտն իրանաադրբեջանական հարաբերություններում

Վարդան Ոսկանյանն ասաց, որ Իրան-Ադրբեջան հարաբերություններում, անկախ հռետորաբանությունից, իրանական քարոզչական տիրույթում այժմ նկատվում է մի հետաքրքիր գործընթաց, որը, որպես կանոն, միշտ ակտիվանում է՝ հատկապես կապված շիա հավատացյալների համար չափազանց կարևոր սգո արարողությունների հետ:

«Այժմ էլ այդ ժամանակահատվածն է, և Ադրբեջանի ներսում շիա հավատացյալների նկատմամբ բռնաճնշումներ են ընթանում:

Բնականաբար, իրանական լրատվական, քարոզչական տիրույթը չի կարող անտարբեր լինել, որովհետև Իրանը համաշխարհային շիայականության պատվար պետություն է և շիայական կենտրոն, ուստի այս հարթության մեջ էլ Ադրբեջան-Իրան հարաբերություններն անամպ չեն»,- ասաց նա:

Եթե մենք փորձենք Իրանի վերաբերմունքը գնահատել ընդհանրապես տեղի ունեցող ռեգիոնալ գործընթացի և հատկապես Հայաստանի խնդիրների առնչությամբ, ապա, Վարդան Ոսկանյանի դիտարկումների համաձայն, այդ վերաբերմունքը բոլորովին վերջերս արտահայտվել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի՝ Էրդողանի ներկայությամբ հայտնի հայտարարության մեջ Հայաստան-Իրան սահմանի հազարամյա բնույթի մասին և դրա ըստ էության խախտման որևէ փորձի անընդունելիության հանգամանքի շեշտադրմամբ:

«Բայց իրանական կողմը զորաշարժով կամ զինտեխնիկայի շարժով փորձում է իր ունեցած գործիքակազմի այս հատվածով որոշակի զսպող դերակատարություն ստանձնել Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի տեսանկյունից: Սա ուժի ցուցադրություն է:

իրան զորքեր

Պատահական չէ, որ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան շտապեց հերքելու իրանական տեղեկատվությունը, ինչն ինքնին ծիծաղելի էր, որովհետև ակնհայտորեն երևում էր, թե ինչպիսի քարոզչական մանիպուլյացիաների է գնում ադրբեջանական կողմը, որը ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանում անհանգստացած են Իրանի վերաբերմունքից ու գործողություններից, որովհետև դա կարող է խուճապ առաջացնել ադրբեջանական հասարակության ներսում:

Երկրորդ, հաշվի առնելով շիա հավատացյալների նկատմամբ բռնաճնշումների մի շարք դեպքերն Ադրբեջանում, լուրջ վախեր կան իրանական միջամտությունից այս խնդրին: Կարևոր հանգամանք կա, որ ադրբեջանական քարոզչությունը փորձում է նաև մեր հասարակության վրա ազդել՝ տպավորություն ստեղծելով, թե ՀՀ-ն, հայ ժողովուրդը միայնակ է»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով