Թրամփը հայտարարել է, թե Իրանը համաձայնում է իր բոլոր պահանջներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնում է իր բոլոր պահանջներին երկու երկրների միջև ընթացող բանակցությունների շրջանակում, հաղորդում է NBC News հեռուստաալիքը։
«Իրանն այժմ իրեն շատ լավ է պահում։ Նրանք համաձայնում են այն ամենին, ինչ ես ուզում եմ, և նրանք ստիպված են դա անել»,- ասել է Թրամփը լրագրողներին Վաշինգտոնում հանրապետական սենատորների հետ փակ հանդիպումից հետո։
Սպիտակ տան ղեկավարը նշել է նաև նավթի գների անկումը՝ ընդգծելով, որ մեկ բարելի արժեքն իջել է 70 դոլարի նշագծից ցածր՝ նույնիսկ Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին ռազմական հակամարտության ֆոնին։
Մեկնաբանելով Սենատում հանրապետականների հետ հանդիպումը՝ Թրամփն այն անվանել է «շատ հաջողված» և հայտարարել, որ Հանրապետական կուսակցությունը մնում է միասնական։
«Մենք իսկապես հրաշալի կուսակցություն ունենք։ Մենք աջակցում ենք մեր առաջնորդին, աջակցում ենք բոլորին այս սենյակում։ Կան մի քանի հոգի, ում ես չեմ սիրում, բայց դա նորմալ է։ Կարծում եմ՝ դուք գիտեք, թե ում մասին եմ խոսում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հայտարարել է նաև, որ Միացյալ Նահանգներն այժմ տնտեսական զարգացման տեսանկյունից «ամենաթեժ երկիրն է աշխարհում»։ Ըստ նրա՝ երկրում միաժամանակ կառուցվում է ռեկորդային թվով նոր ձեռնարկություններ։
«Այժմ մեզ մոտ ավելի շատ գործարաններ են կառուցվում, քան երբևէ երկրի պատմության մեջ։
Այդ բոլոր ձեռնարկությունները շուտով կսկսեն աշխատել։ Դրանք աշխատատեղեր են, և զբաղվածության ցուցանիշները մեզ մոտ պարզապես անհավանական են»,- ընդգծել է ԱՄՆ առաջնորդը։


