Շոու-բիզնես

«Զագսով բաժանվեցինք, զագսով էլ կրկին ամուսնացանք». Լուսին Վարդանյանի և Վահագն Խաչատրյանի ընտանիքի պատմությունը

«Զագսով բաժանվեցինք, զագսով էլ կրկին ամուսնացանք»։ Դերասան-ամուսիններ Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանը սպասում են իրենց երկրորդ երեխային: Փոքրիկի ծննդին ընդառաջ դերասաններն ու իրենց 6-ամյա դուստրը՝ Ռուզաննան, լուսանկարվել են Tert.am Life-ի ֆոտոշարքում:

Լուսանկարահանման ընթացքում ամենաակտիվը ընտանիքի փոքրիկ անդամն էր, վերջինս մայրիկի լայն ժպիտի պատճառն էր, քանի որ ամբողջ ընթացքում հիշեցնում էր իր մասին՝  հարվածելով  մայրիկի փորիկին: Սրան մեծ ոգևորությամբ էր արձագանքում ավագ քույրիկը, անընդհատ գրկում էր մայրիկին և զրուցում եղբոր հետ:)

Ավելի վաղ դերասանուհին պատմել էր գեղեցիկ կարգավիճակի մասին: Այս անգամ Լուսինի հետ զրուցել ենք հարաբերությունների, անցյալում մնացած դժվարությունների, խանդի և ամուսնալուծությունից հետո կրկին «զագս»-ով ամուսնանալու մասին:

Վերջինի մասին դերասանուհին ծիծաղելով խոսեց՝ նշելով, որ թուղթն իրենց հարաբերություններում դերակատարում չունի. «Մեր բաժանությունը եղել էր «զագս»-ով: Հիմա «զագս»-ով կրկին ամուսնացած ենք, որովհետև մեր երկրորդ բալիկը ևս պետք է Վահագի ազգանունը կրի: Այլ դեպքում այդ թուղթը ոչինչ չի փոխում, ինչպես չփոխեց այն ժամանակ, երբ որոշեցինք միանալ»:

Լուսին Վարդանյան

Հարաբերությունների դժվար ընթացքի մասին հիշելով՝ Լուսինն ասաց, որ իրենք աշխատում են չհիշել այդ դրվագը, դա թողել են անցյալում:

«Ոչ միայն մեր հարաբերություններում, առհասարակ, սպին բորբոքվում է, երբ նույն սխալը կրկնում են, անգամ, եթե ներել ու անցել ես առաջ: Հիմա մենք չենք ուզում հիշել այդ ամենը, որովհետև տհաճ, վատ զգացողություններ ենք ունեցել: Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, շուտով կծնվի մեր երկրորդ բալիկը: Հարգանքը, սերն ու անձնական հարաբերությունները փիլիսոփայություն չեն, այլ ամենօրյա աշխատանք: Մեր հարաբերություններում նախկինում շատ էր ռոմանտիկան, ինչի արդյունքում դժվարության բախվելիս թողնում, հեռանում ես, որովհետև պատրաստ չես դրան: 

Հիմա մենք ավելի հասուն ենք: Հիմա շատ դեպքերում իրար հասկանում ենք, իսկ նախկինում կհեռանայինք, մեծ պատերազմ դուրս կգար: Լինում են խնդիրներ, բայց դա չի բերում բաժանության, անհամեմատ ավելի հանգիստ ենք, հարցերին ծայրահեղ չենք արձագանքում:  Այն ժամանակ էլ էինք հասուն՝ մեզ ոչ ոք չի ծանոթացրել, ստիպելով չենք ամուսնացել, հակառակը՝ պայքարել ենք մեր ամուսնության համար, արդյունքում ունենք մեր տունը, մեր ընտանիքը: Ուղղակի պետք է թեթև ապրել, իրար սիրել, հարգել, հաշվի նստել իրար հետ և ամեն ինչ հրաշալի կլինի»,-ասաց դերասանուհին: 

Ավելի վաղ Լուսինն ասել էր, որ դժվարությունները հաղթահարելուց հետո իրենք ունեն ավելին, քան մինչև այդ. «Երբ կարողանում ես դժվարությունների ժամանակ սերն ու հարգանքը պահել նույն  մակարդակի, նշանակում է՝ հասուն ես, այդպիսին է քո վերաբերմունքը հարաբերությունների հանդեպ: Հասուն մարդիկ են կարողանում խնդիրներն ու ռոմանտիզմը պահել մի մակարդակի՝ առաջինի պատճառով չկորցնելով երկրորդը»:

Լուսին Վարդանյան

Դերասանուհին կարևորեց հարաբերություններում որևէ բան սովորական չդարձնելու գործոնը: նա շեշտեց, որ ռոմանտիզմը պետք է լինի զույգի առօրյայում՝ անկախ հանգամանքներից ու տարիներից. «Մտածում եմ՝ դրսում ինչպե՞ս են կարողանում մինչև խոր ծերություն ապրել սիրահարված, իրար ձեռք բռնել: Կարծում եմ՝ դա հնարավոր է, պարզապես հայերիս մեջ մի փոքր այլ կերպ է ընկալվում, մարդկանց թվում է, թե քառասունից հետո պետք է դառնան ավանդական կին ու տղամարդ, որոնք ապրում եմ մի տան մեջ:

Սա ինձ համար անհասկանալի է, կարելի է մինչև մահ ապրել սիրահարված: Սա ամենօրյա աշխատանք է պահանջում՝ փոխադաձ հարգանք, հաշվի նստելու սովորություն: Բարդ է, բայց եթե ուզում ես ընտանեկան լավ կյանք ունենալ, պետք է անես: Լինում են դեպքեր, երբ կենցաղը խանգարում է, բայց երբ ունեք ձգտում, կենցաղը չի կարող մտնել հարաբերություններ: Երբեմն տարեցները սիրահարվածներին ասում են՝ դե սկիզբն է, անցնելու է: Ինձ թվում է՝ դա թույլ մարդկանց համար է ասված, դա չպետք է անցնի ու ավելին՝ պետք է հասկանանք, որ ամոթ չէ, երբ մարդը հավասարաչափ ռոմանտիկ է և՛ 18, և՛ 58 տարկանում: Միշտ էլ կարելի է ապրել սիրելու երջանկությունը»:

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել էջում