Աշխարհ

Երկու ուղևորի կապել են Դոհա թռիչքի ժամանակ

Մելբուռնից Դոհա ուղևորվող Qatar Airways-ի ինքնաթիռում աննախադեպ միջադեպ է գրանցվել. բորտուղեկցորդները ստիպված են եղել կապկպել երկու ուղևորի՝ սրահում ծեծկռտուք հրահրելու պատճառով: Կատարում վայրէջք կատարելուն պես խուլիգանները փոխանցվել են տեղի իրավապահ մարմիններին:

Ավիաընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ հաստատվում է ուրբաթ օրը VA7 չվերթի ժամանակ երկու տղամարդկանց միջև տեղի ունեցած ֆիզիկական բախման փաստը:

Ըստ մամուլի հրապարակումների՝ անկարգություն հրահրողները ագրեսիվ վարք են դրսևորել, սպառնալիքներ հնչեցրել թռիչքը սպասարկող անձնակազմի և մյուս ճամփորդների հասցեին։ Ավելին, նրանցից մեկը պնդել է, թե իր մոտ զենք կա:

Ինչպես լրագրողներին փոխանցել է ականատեսներից մեկը, վերոնշյալ անձինք անընդհատ վեր են թռել տեղերից, ապա սկսել են բուռն վիճել ու քաշքշել միմյանց: Քանի որ նրանք կտրականապես անտեսել են անձնակազմի հորդորներն ու օրինական պահանջները, աշխատակիցներին այլ բան չի մնացել, քան վնասազերծել և կապել նրանց:

Ավիափոխադրողը հավելել է, որ իրավախախտները կապված վիճակում մնացել են մինչև օդանավի բարեհաջող վայրէջքը։ «Ուղևորների և մեր աշխատակիցների անվտանգության ապահովումն ընկերության բացարձակ առաջնահերթությունն է», – եզրափակել են հայտարարության մեջ:

Կիսվեք ձեր էջում