Մամուլ

Դպրոցի տնօրենները հրաժարվում են պաշտոնից

Դպրոցի տնօրենները հրաժարվում են պաշտոնից

Hraparak.am-ը գրում է․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանն օրերս հանդիպել է Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչների հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված՝ դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցեր:

Նշված փոփոխությամբ սահմանվել են տնօրենի եւ վարչատնտեսական համակարգողի գործառույթները, որոնց արդյունավետ իրագործման համար առաջնային է աշխատանքի կանոնակարգված իրականացումը

Անդրադառնալով դպրոցների կառավարման նոր համակարգին՝ Արաքսյա Սվաջյանն ընդգծել է՝ թեեւ գործընթացն արդեն մեկնարկել է, ու բոլոր մարզերը դրանում ընդգրկված են, այդուհանդերձ, դեռեւս ոչ բոլոր դպրոցներում են առկա կառավարող երկու մարմինները:

«Բնական է՝ գործընթացը նոր է, ու մենք դեռ չունենք լիարժեք պատկեր. ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք լիովին իրականացնել կառավարման նոր մոդելի եւ մեխանիզմի ներդրումը: Ունենք դպրոցներ, որտեղ տնօրեններն ընտրվում են, բայց դեռեւս համակարգողներ չկան:

Ունենք դպրոցներ, որտեղ տնօրենների մրցույթը չի կայանում, եւ գործում են միայն համակարգողներ: Դպրոցի տնօրենների գործունեության առումով իրազեկվածությունը բավական բարձր է, ու գործընթացն իրականացվում է, սակայն վարչատնտեսական համակարգողների առումով, կարծես, իրազեկման եւ գործառույթների լիարժեք ընկալման խնդիր ունենք: Լինում են նաեւ դեպքեր, երբ դիմողներ չլինելու պատճառով համակարգողի տեղերը թափուր են մնում»,- ասել է Արաքսյա Սվաջյանը:

Փոխնախարարի խոսքով՝ հատկապես մարզերում իրազեկվածության անհրաժեշտություն կա, որպեսզի այս գործունեությամբ հետաքրքրված մարդիկ դիմեն, ու դպրոցներում այս հաստիքները համալրվեն. «Ունենք դեպքեր, երբ գործող տնօրեններից շատերը ցանկանում են դառնալ վարչատնտեսական համակարգող:

Մի կողմից՝ սա զարմանալի է, բայց մյուս կողմից՝ օրինաչափ, երբ մարդիկ կարծում են, որ իրենց գործունեությունը կարող է ավելի արդյունավետ լինել հենց այդ ուղղությամբ»:

Նշենք, որ կառավարման նոր համակարգը ներդրվում է այն դպրոցներում, որտեղ տնօրենի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է օրենքի՝ ուժի մեջ մտնելուց, այսինքն՝ 2023 թվականի հունվարի 1-ից հետո:

Մարզպետարանների հետ քննարկվել եւ առանձնացվել են, թե յուրաքանչյուր մարզում քանի դպրոց է անցում կատարում կառավարման նոր համակարգին, եւ ինչպիսի աշխատանքներ պետք է իրականացվեն:

Կիսվել էջում