Մամուլ

Դիլիջանում վթարի է ենթարկվել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը

Դիլիջանում վթարի է ենթարկվել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 00։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Ռոբերտ Կ․-ն իր վարած Toyota Camry մակնիշի 016 HH 01 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 34-ամյա Ա․ Թ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները։

Ժամանել են նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ, հերթապահ մասի պետ Մաթևոսյանի գլխավորությամբ։

papoyan camry

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մազյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին։

Ըստ տեղեկությունների՝ նա վթարի պահին եղել է ավտոմեքենայում,  բարեբախտաբար՝ չի տուժել։  Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Կիսվել էջում