Մամուլ

Գերիների ընտանիքներն անակնկալ զանգ են ստացել Բաքվում պահվող հարազատներից

Գերիների ընտանիքներն անակնկալ զանգ են ստացել Բաքվում պահվող հարազատներից

Pastinfo.am-ը գրում է․ Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողների հարազատները գրեթե երեք շաբաթ պատկան մարմիններից կոնկրետ տեղեկություններ ստանալ չէին կարողանում հարազատների մասին։

Ոմանք նույնիսկ վստահ չէին՝ արդյոք գերության մեջ են իրենց հարազատները, թե ոչ։ Օրերս Ադրբեջանն ի վերջո հաստատել է գերիների ցանկը ու Կարմիր Խաչի ներկայացուցիչները վերջապես հնարավորություն են ստացել այցելել Բաքվում գտնվող ու հաստատված բոլոր ռազմագերիներին։

Նոյեմբերի 16-ին գերեվարված շիրակցի զինծառայողը գրեթե երեք շաբաթ անց կապ է հաստատել ընտանիքի հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է զինծառայողի կինը։ Մի քանի րոպե տևած զրույցով գերեվարվածը շատ բան չի հաղորդել ընտանիքին։

hay gerinern

«Խոսել ենք իր հետ։ WhatsApp-ով է զանգել, բայց առանց տեսազանգի։ Մոտ 2-3 րոպե խոսել ենք, իր ասելով՝ լավ են, ամեն ինչ լավ է, նորմալ է՝ ավել ոչ մի բան»։

Զինծառայողի կնոջ փոխանցմամբ՝ Բաքվում շարունակվում է պահվել 21 զինծառայող, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 21-ին։ Գերու կինը նաև կապի մեջ է նույն օրը գերեվարված մյուս զինծառայողների հարազատների հետ, նրանք ևս անակնկալ զանգ ստացել են հարազատներից։

Ըստ նրա՝ անհետ կորած համարվող մի շարք զինծառայողների՝ իրականում գերության մեջ լինելը հաստատվել է ու շատերի հարազատները եւս նրանց հետ կապ են հաստատել։

Տեղեկություններ են շրջանառվում, որ դեկտեմբերի 15-ին հնարավոր է գերիների նոր խմբի վերադարձ, ինչի մասին աղբյուրի հետ զրույցում նշել է նաև գերեվարված զինվորի կինը՝ նշելով, որ դա պարզ կլինի Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո։

Գերեվարված զինծառայողի կինը ավելի վաղ հայտնել է, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ալիքներում տարածված լուսանկարով է ամուսնուն ճանաչել, իմացել, որ գերեվարված է, ապա տեղադրել էր սոցկայքում, որից հետո ադրբեջանական կողմը ակտիվ տեսանյութեր էր սկսել տարածել, որտեղ երևում էր նաև ամուսինը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվել նյութով