Մամուլ

Արցախի հերոս Դավիթը մինչև վերջ մարտը շարունակել է՝ ոչ մի միլիմետր հող չզիջելով թշնամուն

Արցախի հերոս Դավիթը մինչև վերջ մարտը շարունակել է՝ ոչ մի միլիմետր հող չզիջելով թշնամուն

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով այսօր ևս 5 հոգի արժանացան Արցախի հերոսի բարձրագույն կոչման:

Նրանցից մեկը՝ Դավիթ Վանիկի Ղազարյանը, ցավոք, հետմահու է արժանացել այդ կոչմանը, և ինչպես Արցախի նախագահն իր ելույթում ասաց, Դավիթը մարտը վարել է ոչ մի քայլ հետ սկզբունքով:

168.am-ը գրում է․ «Դավիթն Արարատի մարզի Վեդի քաղաքից էր, ամուսնացած էր, ունի 4 տարեկան աղջիկ և 2 տարեկան տղա: Ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը` մոտ 11 տարի ծառայում էր Զինված ուժերում. նա 31 տարեկան էր: Մասնակցել էր նաև քառօրյա պատերազմին:

Կարծում եմ՝ Դավիթին ավելի լավ կներկայացնեն իր մարտական ընկերները: Հերոս, Արցախի հերոս, դրանից ավելի ուրիշ բան չգիտեմ՝ ինչպես կարելի է բնորոշել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նրա ազգականը՝ Արթուր Ավետյանը:

Նրա խոսքով՝ Դավիթն ընտանիքի հետ ապրում էր Արցախում և պատերազմական գործողությունները սկսվելուն պես տեղեկացրել է հորը, որ գա և երեխաներին անվտանգ տեղ տանի, անգամ չի սպասել, որ հորը հանդիպի, միանգամից շտապել է մարտի դաշտ.

«Անգամ Արցախ մեկնած իր հորը հանդիպելու չի եկել, ուղղակի տեղեկացրել է երեխաների գտնվելու վայրի մասին ու ինքը ռազմաճակատում է եղել: Հերոսաբար մարտնչել է, իր ծառայակից ընկերները որոշակի դրվագներ էին պատմում, որ անգամ ծանր վիրավորում ստանալուց հետո շարունակել է համապատասխան կապի միջոցներով հրահանգավորումը և մինչև վերջին պահը հերոսաբար մարտնչել է թշնամու դեմ, անգամ ստացած վնասվածքին ուշադրություն չդարձնելով՝ մարտը մինչև վերջ շարունակել է՝ ոչ մի միլիմետր հող չզիջելով թշնամուն։

Դա պատմել են անձամբ իր ծառայակից ընկերները, և կարծում եմ՝ հենց այդ ամենը հաշվի առնելով էլ՝ այսօր Դավիթն արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչմանը»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Share