Մամուլ

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․ 8 քաղաքացի «Սուր թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ տեղափոխվել են Մարտունու հիվանդանոց

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․ 8 քաղաքացի «Սուր թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ տեղափոխվել են Մարտունու հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով` ապրիլի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մարտունու բաժին հայտնել են, որ «Սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ շտապ բուժօգնության խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քանի քաղաաքացու։ 

Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ 

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 29-ամյա Անժելա Ք․-ն, 26-ամյա Իրինա Հ․-ն, 58-ամյա Անահիտ Ս․-ն, 29-ամյա Սեդա Հ․-ն, 45-ամյա Հերիքնազ Խ․-ն, 29-ամյա Զառնուշ Փ․-ն, 22-ամյա Արմինե Ա․-ն և Արագածոտնի մարզի բնակիչ 63-ամյա Մարիետա Ա․-ն։ 

Ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Ծովինար գյուղի բնակիչ 32-ամյա Տիգրան Հ․-ի տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից են նշված անձինք թունավորվել։ 

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Կիսվել նյութով