«Բանվոր, մատուցող, ամեն ինչ փորձել եմ»․ Արսեն Սաֆարյանը՝ Ալեն Սիմոնյանի հետ հարաբերությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սիրված երգիչ Արսեն Սաֆարյանը հիշում է Արցախում անցած մանկությունը, մայրաքաղաքում պայքարի տարիները և երաժշտական աշխարհ մուտք գործելու դժվար ճանապարհը՝ խոսելով նաև «Արձագանք» ստուդիայի շուրջ տարիներ շարունակ շրջանառվող քննարկումների մասին։
«Վաղ մանկությունը դա Արցախն է։ Այնտեղից շատ աղոտ բաներ եմ հիշում, բայց շատ լավ հիշում եմ իմ փայտե սահնակը, որը լավ չէր գնում, որովհետև փայտից էր, բայց ամեն դեպքում իմն էր։ Ես սիրում էի պապական տան թեք տեղում ջանասիրաբար սահել։ Եվ, իհարկե, տատիկիս դեմքն է միշտ աչքերիս առաջ։ Ես չեմ կարողանում գյուղը հիշել առանց իրեն, որովհետև նա շատ ավելի շատ ժամանակ էր անցկացնում մեզ հետ, քան մեր ծնողները»։ 168TV-ի «Ռանդևու» հաղորդման շրջանակներումասել է երգիչ Արսեն Սաֆարյանը։
Արսեն Սաֆարյանը հիշում է Արցախում անցած մանկությունը, մայրաքաղաքում պայքարի տարիները և երաժշտական աշխարհ մուտք գործելու դժվար ճանապարհը՝ խոսելով նաև «Արձագանք» ստուդիայի շուրջ տարիներ շարունակ շրջանառվող քննարկումների մասին։
Նա ընտանիքում երրորդ տղան էր։ Պատմում է, որ դժվար է ծնվել, ուշ է քայլել ու խոսել, և հենց տատիկն էր նրան մշտապես շալակած տանում գյուղի տարբեր վայրերով։
«Փեշից կպած գնում էի նրա հետևից։ Տանում էր մեր մատուռը՝ Հարավի, որը հետո երիտասարդները վերակառուցեցին, տանում էր նաև չգործող Գանձասար։ Այդ պատկերները մինչև այսօր իմ մեջ են»,- հիշում է Արսեն Սաֆարյանը։
Երգչի խոսքով՝ իր կյանքում կարևոր շրջադարձ է եղել մայրաքաղաք Երևան տեղափոխվելը և ուսումը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում։ Սակայն այդ տարիները հեշտ չեն անցել.
«Սովետմիության փլուզումը, սպորտի նկատմամբ անուշադրությունը շատ էի ափսոսում։ Աշխատել էր պետք, որովհետև մենակ էի, տեր չունեի»։
Նա հիշում է, որ փորձել է տարբեր աշխատանքներ գտնել՝ շինարարությունից մինչև մատուցողի աշխատանք։
«Գնացել էի շինարարությունում բանվոր ընդունվելու, պատասխանատուն չեկավ։ Հետո որոշեցի Օղակաձև զբոսայգում բացված սրճարանում մատուցող աշխատել, բայց կրկին չստացվեց»,- պատմում է նա։
Դրանից հետո կյանքը նրան տարել է դեպի «Ամադեուս» երաժշտական կենտրոն, որտեղ, ինչպես ինքն է ասում, ամեն ինչ օտար էր։
«18 տարեկան տղա էի, սպորտից եկած, ու հանկարծ տեսնում եմ լրիվ ուրիշ միջավայր։ Մարդիկ իրար հետ ուրիշ ձև էին շփվում, ինձ համար դա օտար էր։ Ես չէի տեսել, որ մարդիկ իրար հետ այդպես շփվեն»։
Տեսանյութը՝ ստորև․



