Մամուլ

Արմավիրի համար 4 դպրոցն ուզում են մոլի վերածել

Արմավիրի համար 4 դպրոցն ուզում են մոլի վերածել

ԿԳՄՍ նախարարությունը որոշել է փակել Արմավիրի համար 4 դպրոցը՝ այն միավորելով Արմավիրի համար 1 դպրոցի հետ։ Նախարարության այս որոշումն առաջացրել է Արմավիրի համար 4 դպրոցի ինչպես ուսուցչական կազմի, այնպես էլ աշակերտների և ծնողների դժգոհությունը։

Երեկ ԿԳՄՍ նախարարություն եկած ուսուցիչներն ու ծնողները հայտարարեցին, որ չեն պատրաստվում դուրս գալ դպրոցից, պայքարելու են մինչև վերջ։

Oragir.News-ի տեղեկություններով՝ իշխանություններն ուզում են դպրոցի տարածքն ազատել, որպեսզի այն առևտրի կենտրոնի վերածեն (մոլ)։ Ի դեպ, Արմավիրի համար 4 դպրոցի անմիջապես դիմացի մայթին խոշոր շինարարություն է ընթանում․ էլիտար թաղամաս են կառուցում։

«Մեզ տեղեկություններ են հասել, որ դպրոցի շենքը ազատում են, որ տեղը մոլ սարքեն։

Սա է այս իշխանությունների դեմքը։ Արդեն գործարարի անունն էլ են նշում, թե ով է մոլը կառուցելու, բայց այս պահին զերծ ենք մնում այն հրապարակելուց»,- ասաց Արմավաիրի մարզի մեր աղբյուրը։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել Արմավիրի մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցների հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Երկուշաբթի կրկին կփորձենք կապ հաստատել նշված գերատեսչությունների հետ։

Կիսվել էջում