Մամուլ

Արարատի մարզում՝ Toyota-ն մխրճվել է ոչխարների հոտի մեջ. 28 մայրացու ոչխարներ սատկել են

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս՝ Ավշար գյուղի վարչական տարածքում, հարվածել է ճանապարհի չթույլատրելի հատվածով տեղափոխվող ոչխարի հոտին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով 28 ոչխար, որոնց մեծ մասը՝ մայրացու, տեղում սատկել են, իսկ ավտոմեքենան, մոտ 182 մետր առաջ ընթանալով, արգելակել է այն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Գևորգ Սահակյան և վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սահակ Թադևոսյանն ու պարեկ Սերգեյ Սարգսյանը։

Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի և սատկած ոչխարների տիրոջ ինքնությունը։

Կիսվել էջում