Մամուլ

Արայիկ Հարությունյանը՝ ԲՈՀ-ի նոր ղեկավարի «լկստված» նկարների մասին

Թերթ․am-ը գրում է․ «Փայլուն գիտնական է, ազատ մարդ, մեր մաթեմատիկայի ոլորտում հսկայական ներդրում արած». կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Սմբատ Գոգյանի նշանակման շուրջ ոչ միանշանակ արձագանքներին:

Նախարար Հարությունյանը նշեց, որ եթե ֆեյսբուքյան նկարների հետ կապված են ասում, ապա խնդիրը նրա տարիքն է: «Սմբատ Գոգյանը տարիքով փոքր է, և Facebook-ում հայտնվել է պատանեկության տարիներին: Եթե մարդ պատանեկության տարիներին ինչ-ինչ նկարներ է արել, մի քիչ լկստված, մի քիչ չգիտեմ ինչ ձևի, դա չի նշանակում, որ խնդիր է, յուրաքանչյուրիս մոտ նման նկարներ կարող են գտնվել»,-ասաց նա:

Հարցին, թե իսկ ինչո՞ւ են պաշտոնյաները հեռացվում առանց նրանց տեղյակ պահելու, ինչպես ԲՈՀ-ի ղեկավար Լիլիթ Արզումանյանի դեպքում էր, Արայիկ Հարությունյանը հաստատեց, որ նա չի տեղեկացվել և նշեց, որ նախկին ԲՈՀ ղեկավարի հետ դրանից հետո խոսել է:

«Այո, ինքը նախապես չի տեղեկացվել, որը տեխնիկական խնդրի հետ է կապված եղել, որովհետև այնտեղ ժամկետներ կային, որ փոփոխությունները տեղի ունենան: Ես հանդիպել եմ, իրավիճակը հարթված է, նաև կիրակի պետք է հանդիպեմ»,-ասաց նա:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով