Մամուլ

Աշխատողների համար պետք է սահմանել չհարկվող շեմ, որը նրանց արժանապատիվ գոյությունը կապահովի. Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամիսներ առաջ գրասենյակային տարածքի մաքրության համար դիմեցի համապատասխան գործակալություն։ Եկավ մաքրուհին։ Գործի ընթացքում զրուցում էինք։ Հայտնեց, որ հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածում իրեն զրկել են «Փարոս» համակարգի շահառուն լինելու հնարավորությունից։

Իմ դիտարկմանը, որ թեև ծանր աշխատանքով, բայց, հաշվի առնելով աշխատանքի վարձատրության չափը, բավականին վաստակում ա, որ անապահով համարվի, պատասխանեց, թե լավ ա անում, որ հարկեր չի մուծում, որովհետև դա իրենից գողացված փողեր են։ Հայտնեց, որ երկարատև պայքարի արդյունքում նույնիսկ, իրեն չի հաջողվել մանկահասակ երեխաների համար օրենքով նախատեսված գումարը սոցիալական ապահովության ծառայություններից ստանալ։

Շատ չերկարացնելու համար արձանագրեմ զրույցից ի հայտ եկած փաստերը․

1. Երկու մանկահասակ երեխաների միայնակ մայրը գիտակցված խուսափում էր հարկերի վճարումից, քանի որ նույնիսկ չհարկված եկամուտը հազիվ էր բավականացնում կոմունալների վճարի և երեխաների առօրյա ծախսերը հոգալու համար։ Նկատեք, որ բողոքը ոչ թե հարկային բեռի ծանրության մասին էր, այլ նվազագույն ծախսերը հոգալու համար նախատեսված գումարից որևէ դրամ որևէ մեկին չզիջելու տրամադրվածության։

2. Թե՛ իրեն, թե՛ գործատուին հարմար էր կանխիկ ու ստվերային վարձատրությունը։ Կինն ասում էր, որ պայմանագիր չեն կնքում, իսկ հակառակ դեպքում աշխատավարձը ուշացնում են, չեն վճարում, բազմապիսի մանիպուլյացիաներ են անում, իսկ երբ ինքը կանխիկ վերցնում ա, հետո կիսում գործատիրոջ հետ, իրավիճակի տերն ինքն ա։

Գործատուի համար էլ հարմար էր, որովհետև գործ չէին ունենում օդիոզ հարկային տեսուչների հետ, նվազ ծախսեր էին անում հաշվապահական հաշվառման համար, գումարը անմիջապես վճարվում էր, ոչ թե սպասում էին բանկային փոխանցման և, ի վերջո, հարկեր չէին վճարում։

3. Կինն ու նրա գործատուն, իհարկե, խարդախներ էին, որոնք ապրում են բարեխիղճ քաղաքացիների հաշվին, նրանց դուրս մղում շուկայից կամ ստիպում աշխատել նույն սխեմաներով։ Բայց երբ դրա մասին ակնարկը լսեց, հնարավոր հայհոյանքներով սկզբում «նախշեց» Նիկոլին, հետո անցավ արդարադատության համակարգի վրայով, որը նրան հնարավորություն չի տվել սոց․ապ․ծառայությունների դեմ պայքարում տեր կանգնել իր իրավունքներին (փոխարենը նշեց բռնված ու պարբերաբար բաց թողնվող Մանվելի, Քոչարյանի, դեռ չբռնված Սաշիկի ու Սերժի, նրանց յուրացրած գումարների հանգամանքները), հետո անցավ այլ իրավունքներին՝ երեխաների որակյալ կրթության, հիվանդ մոր որակյալ բժշկական ծառայություններ ստանալու, առողջ ու հնարավորինս բարեկեցիկ ապրելու, պետության կողմից արժանապատիվ աշխատանքի պայմաններ ապահովելու պոզիտիվ պարտականության և այլնի (ձևակերպումներն ու ընդհանրացումներն, իհարկե, իմն են) ։))

Հիմա էսքան ինչի՞ եմ պատմում։ Վերջին 20 տարում պետական ապարատի տարբեր սենյակներում աճող, տարբեր աթոռներ մաշեցրած ֆինանսների նախարարը կարծում ա, որ եթե դրույքաչափը 28 տոկոսից դառնա 23 տոկոս, էս կինն ու նրա գործատուն դուրս են գալու ստվերից։

Մի քանի հետևություն կարելի ա անել… Նախ, աշխատողների համար պետք ա սահմանել չհարկվող շեմ, որը գոնե նրանց արժանապատիվ գոյությունը կապահովի։ Մինչև էդ շեմը ոչ մեկը չպետք ա հարկվի։ Այլապես նրանք գնալու են ստվեր ու դա բնական երևույթ ա։

Չգիտեմ՝ որքանով ա ողջամիտ արժանապատվությունը կորցրած, անազատ քաղաքացուց հարկային օրենսդրության բարեխիղճ կատարում պահանջել։ Հետո, կիրառել դիվերսիֆիկացվող հարկային քաղաքականություն։ 200 հազար դրամ եկամուտ ունեցող մարդը, ով միայն իր գլուխն ա պահում ու նա, ով էդ գումարով 3 երեխա ու հիվանդ ծնողներ ա պահում, հոգում նրանց սննդի, կրթության, առողջապահության, կենցաղային այլ կարիքներ, նույն դրույքով չպետք ա հարկվեն։

Ուղղահայաց արդարությունը, հանրային համերաշխությունը, սոցիալական արդարությունը ապահովելու, ստեղծված արդյունքը վերաբաշխելու, համընդհանուր տնտեսական բարեկեցություն ապահովելու պետության դերը պատշաճ կատարելու նպատակով առավել շատ եկամուտ ստացողները պետք ա ավելի հարկվեն, քան նվազ եկամուտներ ունեցողները, քանի որ այդ մեծ եկամտի ստացման, դրա ապահովության, ընդհանրապես՝ բոլորիս անվտանգության գործում ներդրում ունեն բոլորը և առանց էդ ներդրման, մեծ եկամուտներ ունեցողը ուղղակի այն չէր ունենա»։

Կիսվել էջում