Մամուլ

Այս տարի ո՞ր օրն է նշվելու Վարդավառի տոնը

Տեղեկացնում ենք, որ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտությունն է:

Վարդավառ ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի: Ս. Գրիգոր Տաթևացին տոնի Վարդավառ անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչեւ բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունն ու պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը: Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Այս տարի Վարդավառի տոնը նշվում է հուլիսի 23-ին:

 

Արարատյան Հայրապետական թեմ

Կիսվել նյութով