Ամառ կլնինի՞, թե՞ դեռ կշարունակվեն ամպրոպային անձրևները․ ի՞նչ է հայտնում Գագիկ Սուրենյանը
«ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով՝ կլիմայական տեսանկյունից 2026 թվականի գարունն ու հատկապես հունիսը եղել են բացառիկ։ Նրա տվյալներով՝ հունվարից մինչև մայիս Հայաստանի տարածքում հինգ ամիս անընդմեջ տեղումների քանակը գերազանցել է կլիմայական նորման։
Սուրենյանը տեղեկացրեց, որ հունիսի 24-ից մինչև 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում։ Նրա խոսքով՝ ցիկլոնն առավել ակտիվ կլինի հունիսի 24-ին և 27-ին, իսկ հունիսի 25-26-ին առավելապես կազդի հանրապետության հյուսիսային և արևելյան շրջանների վրա։
Նա նշեց, որ ցիկլոնը տարածաշրջան է բերել ցուրտ օդային հոսանքներ, ինչի հետևանքով այսօր օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում, նախորդ օրվա համեմատ, կնվազի 4-5 աստիճանով։ Սուրենյանի խոսքով՝ Հայաստանի ամենատաք հատվածներում անգամ ջերմաստիճանը չի գերազանցի +30 աստիճանը։
Միաժամանակ նա հավելեց, որ հունիսի 28-ից ցիկլոնը աստիճանաբար կթուլանա, տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ ցուրտ օդային հոսանքների ազդեցությունը կնվազի։ Հունիսի 28-30-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։
Անդրադառնալով հուլիս ամսվա կանխատեսումներին՝ Սուրենյանն ասաց, որ օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կլինի կլիմայական նորմայի սահմաններում, մինչդեռ տեղումների քանակը կգերազանցի նորման։ «Սպասվում է ոչ շատ շոգ և բավարար տեղումներով հուլիս»,– նշեց նա։
Նրա ներկայացմամբ՝ հուլիսի ընթացքում լեռնային շրջաններում ջերմաստիճանը հիմնականում կտատանվի +24-ից +28 աստիճանի, նախալեռնային գոտիներում՝ +30-ից +32, իսկ հովտային հատվածներում՝ +32-ից +35 աստիճանի սահմաններում։ Միաժամանակ Սուրենյանը չբացառեց, որ ամսվա երրորդ տասնօրյակում առանձին օրերի, մասնավորապես Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովտային գոտիներում, օդի ջերմաստիճանը կարող է հասնել +38-ից +40 աստիճանի։


