Մամուլ

Աճառյան փողոցով ընթանալիս Toyota Land Cruiser-ից կրակել են պարեկների ուղղությամբ, ապա դիմել փախուստի

Աճառյան փողոցով ընթանալիս Toyota Land Cruiser-ից կրակել են պարեկների ուղղությամբ, ապա դիմել փախուստի

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ օգոստոսի 5-ին, մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45–ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 80 ՏՏ 008 համարանիշի  ավտոմեքենան Աճառյան փողոցով ընթանալիս Առինջի կամարի մոտ կրակոցներ է արձակել, ապա մտել է Առինջ գյուղ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները հետապնդել են Toyota Land Cruiser-ը, ով մոտ 1-1,5 կմ փախնելով, այնուամենայնիվ չի կարողացել ճողոպրել պարեկներից:

Պարեկները կարողացել են 2 հոգու վնասազերծել, իսկ 2 կամ 3 հոգի էլ, որոնց թիվը ճշտվում է, դիմել են փախուստի:

toyota prado

Ավտոմեքենան, որտեղ, որ հայտնաբերվել է, այդտեղ են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը, նույն ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանը:

Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետը:

Աճառյան փողոցի վրա ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի, ավագ պարեկ Վալտեր Գևորգյանի և կրտսեր պարեկ Արսեն Մովսիսյանի գլխավորությամբ, նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված մոտ 14 հատ պարկուճ:

toyota prado krakocner

Ավագ պարեկն ու պարեկը սահմանազատել են նշված վայրը և սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյան քաղաքի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և հատկապես կարեվորագույն գործերով ավագ քննիչ Հովհաննես Թափոյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, բերման ենթարկվածների, փախուստի դիմած անձանց ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած անձանց և հանցագործության  գործիք հրազենը հայտնաբերելու  ուղղությամբ:

Կիսվել նյութով