Մամուլ

Ակնկալում եմ Ձեր աջակցությունն ապագաս ճիշտ կառուցելու համար․ Տիրանի բաց նամակը Փաշինյանին

Ակնկալում եմ Ձեր աջակցությունն ապագաս ճիշտ կառուցելու համար․ Տիրանի բաց նամակը Փաշինյանին։

«Հարգելի պարոն վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, նախագահ և նախարար Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan

Ես`Տիրան Հովհաննիսյանս, 17 տարեկան եմ: Հաճախել եմ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 9-րդ դասարանն ավարտել եմ գերազանցության վկայականով (կարմիր վկայական):

15 տարեկանում ինքնակամ և միայնակ, սեփական որոշմամբ, մեկնել եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ուսումս շարունակելու նպատակով: Առաջին համալսարանը, որը հաճախել եմ Շաանսիի գիտության և տեխնոլոգիայի համալսարանն է ( 陕西科技大学,Shaanxi university of science and technology)։ Այնտեղ սովորել եմ չինարեն լեզուն և մշակույթը:

Ուսումնական կուրսն այնտեղ 2 տարի է, բայց ես այն յուրացրել եմ 1 տարում և արժանացել մի շարք պարգևների:

Ակնկալում եմ Ձեր աջակցությունն

Ավարտելով վերոնշյալ համալսարանը` ընդունվել եմ Շաանսիի մանկավարժական համալսարան ( 陕西师范大学,Shaanxi Normal University), որը հանրահռչակ համալսարան է չինարեն գրականությունը և լեզուն սովորելու համար: Քանի որ սովորել եմ գերազանց, ուստի համալսարանի գիտական ղեկավարության որոշմամբ միանգամից փոխադրվել եմ 3-րդ կուրս (մասնագիտությունս` չինարեն գրականություն և բիզնես. 19 տարեկանում կավարտեմ համալսարանը): Անցյալ ուսումնական կիսամյակում եղել եմ 50 լավագույն ուսանողների թվում, որոնց համալսարանը գերազանց առաջադիմության համար պարգևատրել է գումարով՝ 4000 յուան 元։

Չինական ուսումնական հաստատություններում (100 բալային համակարգով), եթե ուսանողի քննական գնահատականների միջին գնահատականը 85-ից բարձր է, ապա նա համարվում է գերազանց ուսանող։

Վերջին կիսամյակի գնահատականներս եղել են 92, 94, 96, 96, 99 (քանի որ 20 օր առաջ եմ հանձնել այս քննությունները և համալսարանը գտնվում է արձակուրդի մեջ, այդ իսկ պատճառով քննության գնահատականների արդյունքները կներկայացնեմ սեպտեմբերի 2-ին)։

Տեսնվելով, որ ես ընդամենը 17 տարեկանում սովորում եմ գերազանց, այդ իսկ պատճառով համալսարանի ղեկավարը ցանկություն է հայտնել պահել ինձ համալսարանում մինչև դոկտորական աստիճան ստանալը:

Վերոնշյալ գնահատականների հիման վրա համալսարանի գիտական ղեկավարությունը որոշում կայացրեց տրամադրել ինձ անվճար ուսուցման և կեցության իրավունք:

2018թ-ի դեկտեմբեր ամսին հանձնել եմ HSK4 քննությունը և ստացել 300 հնարավորից 283 բալ (180 բալը համարվում է որակավորված)։

2019թ-ի մարտից հուլիս ամիսներին հաճախել եմ HSK5 քննության դասերին և համալսարանի ներսում մասնակցել քննության` ստանալով 272 բալ 300 հնարավորից:

Չինարենի ամենաբարձր իմացության աստիճանը HSK6-ն է, որին ես պատրաստվում եմ մեծ պատասխանատվությամբ և ինտենսիվությամբ:

Ցանկանում եմ նշել նաև, որ իմ ուսանած 2 համալսարաններում ես համարվում եմ ամենաերիտասարդ ուսանողը և դասի եմ հաճախում մինչև 50 տարեկան մարդկանց հետ:

Իմ ուսանած 1-ին համալսարանում երբևէ հայ ուսանող չի եղել, իսկ 2-րդ համալսարանում վերջին ուսանողն եղել է 2009թ-ին:

40000 և ավել մարդկանց առջև ներկայացրել եմ Հայաստանը մշակութային, սպորտային միջոցառումների ժամանակ:

Գերազանց տիրապետում եմ հայերեն, չինարեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին:
2020թ-ի հունիսի 15 -ին լրանում է 18 տարիս: Քանի որ մեկնելով զինվորական ծառայության կընդհատվի իմ ուսումնական ընթացքը և տարիների ձեռքբերածը մոռացության կմատնվի, ուստի ակնկալում եմ հանդիպում հանրապետության վարչապետի կամ հանրապետության նախագահի հետ:

Նրանց հետ հանդիպումներում ես հանգամանալից կշարադրեմ այն ամենը, ինչը տեղ չի գտել այս նամակում: Ակնկալում եմ Ձեր աջակցությունն ապագաս ճիշտ կառուցելու համար:

Ի լրումն այս ամենի` մեր պաշտոնատար անձանց հետ կցանկանայի քննարկել նաև ուսումնական, ուսումնա-մեթոդական, ուսումնա-կազմակերպչական հարցեր փորձի փոխանակման համատեքստում:

Հանդիպման ակնկալիքով և հարգանքով` Տիրան Հովհաննիսյան»:

Կիսվել նյութով