Ժամանց

«Նիկոլն ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես․․․ մի փոքր ուշ». Աննա Հակոբյանը ընտանիքի, աշխատանքի ու երազանքների մասին

«Նիկոլն ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես․․․ մի փոքր ուշ». Աննա Հակոբյանը ընտանիքի, աշխատանքի ու երազանքների մասին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սիրում է Հայաստանի գյուղերը, պաշտում է Արցախը, Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարի եկեղեցին, սակայն շարունակում է երազել Աֆրիկա մեծ ճանապարհորդության մասին:

Աննա Հակոբյանը ՀՀ վարչապետի Մոսկվա այցի շրջանակում հարցազրույց է տվել ռուսական «Экспресс газета»-ին և պատմել իր ընտանիքի, աշխատանքի, նոր պարտականությունների ու երազանքների մասին:

«Մենք ծանոթացել ենք դեռ ուսանողական տարիներին, երբ Նիկոլը Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հինգերորդ կուրսի ուսանող էր, իսկ ես նոր էի ընդունվել նույն ֆակուլտետ: Երբ ես մտա լսարան, անմիջապես լսեցի նրա անունը՝ Նիկոլ Փաշինյան: Նրա մասին բոլորը խոսում էին՝ դասախոսները, դեկանը, ուսանողները: Նիկոլը ֆակուլտետի հպարտությունն էր, լսում էի այդ մասին՝ ծանոթ չլիենելով հերոսի հետ»,- պատմում է Աննա Հակոբյանը:

Աննայի հետ ծանոթության ժամանակ՝ 1995 թվականին, Նիկոլն արդեն կայացած մասնագետ էր: Նա, լինելով երկրորդ, երրրոդ կուրսի ուսանող, համագործակցում էր ընդդիմադիր պարբերականի հետ: Հինգերորդ կուրսում նա արդեն ժուռնալիստիկայի ֆակուլտետի լեգենդ էր: Պատահական չէր, որ 1995 թվականին նրան դուրս են թողել համալսարանից՝ քաղաքական հայացքների համար:

Լինելով առաջին կուրսի ուսանողուհի՝ Աննան առաջադրանք է ստացել հոդված գրել թերթում, որտեղ այդ ժամանակ աշխատում էր Նիկոլը: «Ես գրեցի հոդվածը և ներկայացրեցի խմբագրություն: Այդպես էլ ծանոթացանք Նիկոլի հետ: Նիկոլն ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես… մի փոքր ավելի ուշ»,- նշել է Աննա Հակոբյանը:

Ինչ վերաբերում է ամուսնու քաղաքական հայացքներին, ապա Աննա Հակոբյանը նշել է, որ ինքը մշտապես իմացել է՝ Նիկոլը լինելու է քաղաքականության մեջ ու պատրաստ է նրա հետ հաղթահարել դժվարությունները: Ամուսնությունից հետո Նիկոլ Փաշինյանն իր պայքարն ավելացրեց: 90-ական թվականների վերջերին նա արդեն հայտնի էր որպես իր մասնագիտության մեջ քաջ մարդ: Փաշինյանը չի վախենում տալ քրեական դեմքերի անուններ, ինչի համար նա մի քանի անգամ դատարան է կանչվել:

«Հեղափոխության ժամանակ հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեցինք: Մարդիկ փողոցում ճանաչում էին, բարի խոսքեր էին ասում, հիմա էլ այդպես է: Դա շատ հաճելի է, և այդ սերը փոխադարձ է: Երբ իմ ամուսինը դարձավ վարչապետ, դրանից հետո մեր կյանքում, ընդհանուր առմամբ, արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Փոխվել է մեր բնակության վայրը, այժմ կա անվտանգության ծառայություն»,- ասաց Աննա Հակոբյանը:

Նա պատմել է նաև իր երազանքների մասին, որոնցից է Աֆրիկայով ճանապարհոդելը: «Ես շատ եմ սիրում Հայաստանի գյուղերը: Պաշտում եմ Արցախը, Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարի եկեղեցին…: Բայց դեռ երազում եմ ուղևորվել Աֆրիկա՝ ճանապարհորդության:

Ամեն դեպքում առայժմ նախընտրում եմ հանգստանալ Հայաստանում: Ներկայում փնտրում եմ նոր գաղափարներ, ուսումնասիրում եմ կյանքը մի փոքր այլ տեսանկյունից: Սակայն, ինչպես և նախկինում, մարդկանց մեջ կարևորում եմ ազնվությունը, ազատությունը, բարությունը և արդարությունը»,- նշել է Աննա Հակոբյանը:

Կիսվեք էջում