ՄամուլՏեսանյութ

«Հե՞շտ է տուն կորցնել. դժվար է 15 տարի ապրել մի վայրում, ունենալ ընկերներ ու ամեն ինչ կորցնել» (Տեսանյութ)

«Հե՞շտ է տուն կորցնել. դժվար է 15 տարի ապրել մի վայրում, ունենալ ընկերներ ու ամեն ինչ կորցնել» (Տեսանյութ)

168․am-ը գրում է․ 16-ամյա Անի Ռասոյանն Աղավնոյից տեղահանված բնակիչներից մեկն է, ով 2022 թվականի օգոստոսին ստիպված է եղել թողնել իր տունն ու հեռանալ։

Անին ծնվել է Երևանից Աղավնո վերաբնակեցված ընտանիքում, իր ծննդավայրը համարում է Աղավնոն։ Ասում է՝ աշխարհի որևէ երկիր ու վայր համեմատելու չէ Աղավնոյի հետ։

Տեղահանվելուց հետո Անին ամիսներ շարունակ ծանր հոգեվիճակում է եղել, ինչի հետևանքով չի կարողացել Երևանում դպրոց հաճախել՝ կիսատ է թողել և նպատակ էլ չունի շարունակելու։

Նա այսօր մեծ կարոտով է հիշում Աղավնոյի դպրոցը, որտեղից երեք լուսանկար է իր հետ բերել Երևան՝ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի և Աղավնոյի դպրոցի ռազմագիտության ուսուցչի։

Անիի խոսքով՝ այդ երեք լուսանկարներն իրեն տվել է դպրոցի տնօրենը՝ որպես փոքր հուշ իր այդքան սիրելի դպրոցից։

Ռազմագիտության ուսուցիչը, ով 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից է, մահացել է պատերազմից հետո, ասում են՝ Շուշիի հանձնման լուրը շատ ծանր է տարել, ու սիրտը չի դիմացել…

«Երբ դպրոցից պետք է ամեն ինչ հանեինք, այս լուսանկարները դպրոցի տնօրենի աշխատասենյակում են դրված եղել, տնօրենը տվել է, որ բերեմ։

Այս լուսանկարներին նայելիս մի քիչ սփոփվում եմ, բայց միևնույն է՝ չի լինելու այն, ինչ Աղավնոյում էր։ 44-օրյա պատերազմից հետո ասացինք, որ հետ ենք գնալու, գնացինք, երկու տարի պայքարեցինք, ամեն ինչ փոխվեց, դեպի լավն էր գնում։

Շատ տղաներ կորցրեցինք, բայց մարդկանց մեջ պետք է մի հասկացողություն լինի, ճիշտ է՝ ես փոքր եմ, բայց շատ բան եմ հասկանում և տեսածիս հիման վրա ասում եմ՝ ոչ ոք, ոչ մի դեպքում չի կարող ասել, որ հայ զինվորը պարտվել է։

Ինչ արել են, նրա թիկունքում են արել, ոչ մի նշանակություն չունի՝ լինի Ղարաբաղո՞ւմ, թե՞ Հայաստանում ծառայող զինվոր, ոչ մի դեպքում մարդկանց մեջ այդ կարծրատիպը չպետք է լինի, որ հայ զինվորը պարտվել է։ Նա չի պարտվել, թիկունքում նրանք ունեն մարդիկ, որոնք նրանց թիկունքից հարվածել են, և կան մարդիկ, որոնք նրանց թիկունքում սպասում են։

Այդ տղաները մեզ համար են զոհվել, որ այսօր մենք հպարտանանք նրանցով, ամեն առավոտ և ամեն երեկո շնորհակալություն հայտնենք մեր նոր օրվա համար, բայց ոչ Երևանում։ Նրանք ամեն ինչ արել են Արցախում»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է Անի Ռասոյանը։

16-ամյա աղջիկը նկատում է, որ մարդիկ արցախցիներին այսօր շատ են քննադատում, գուցե մեկից լավն են տեսել, մեկից՝ վատը, բայց սխալ է համարում բոլորի մասին նույն կարծիքն ունենալը։

«Մենք մեր կյանքում կորցրել ենք ամենակարևորը… այո, կյանքը շարունակվում է, վերքերը սպիանում ու չեն լավանում։ Դժվար է 15 տարի ապրել մի վայրում, ունենալ ընկերներ ու ամեն ինչ կորցնել, այս ամենն իմ համար ամենակարևորն է, որը կորցրել եմ։

Աղավնոյից հետո իմ կյանքը որևէ տեղ չեմ պատկերացրել, մտածում էի, որ ինչ-որ մոտիկ տեղ ապրեի, օրինակ, Սյունիքում, Աղավնոն անընդհատ ինձ կանչելու էր, ու ինձ թվալու էր, որ ես պետք է գնամ…

7 ամիս է՝ դուրս ենք եկել, ինձ համար դժվար է, ես մտածում եմ, որ դեռ հետ եմ գնալու, բայց հիմա տեսնում եմ, որ ամեն ինչ թշնամին քանդում է, այնպես են անում, որ հայի շունչն այնտեղից վերանա։

Մեր եկեղեցին էլ են այնտեղ թողել, ո՞ւմ են այդ ամենը թողել, ո՞ւմ են թողել մեր հիշողությունները, տարիները։

Հե՞շտ է մարդկանց համար տուն կորցնել, ծննդավայր, աշխատանք ու ասել, թե մենք առաջ ենք նայում, այն, որ մենք հետևում ունենք կորցրած մի ամբողջ կյանք… չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, որոնք սրան նորմալ են նայում։

Ի՞նչ են ասում՝ ադրբեջանցու հետ ապրեք այնպես, ինչպես հին ժամանակներում, կոնկրետ ես սրան դեմ եմ, որովհետև չես կարող ապրել մի մարդու հետ, ով իր փոքրի մեջ մտցնում է, թե հայը մեր թշնամին է»,- արցունքները մի կերպ զսպելով՝ հավելում է Անին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կիսվեք էջում