Մամուլ

Գույքահարկը թանկանում է 75%-ով․ ստիպված են լինելու տարեկան 400-500 հազար դրամ գույքահարկ վճարել

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ գույքահարկի տոկոսադրույքների բարձրացումը պայմանավորված էր 2020 թվականից Հայաստանի կառավարության որդեգրած համահարթ եկամտահարկի քաղաքականությամբ։ Նա ասաց՝ կառավարությունում որոշեցին եկամտային հարկի դրուքաչափը 28%-ից իջեցնել 20%-ի՝ հայտարարելով, որ ունևոր մարդիկ գույք կունենան և այդ գույքից ավելի շատ հարկեր կվճարեն։

Հայաստանի հարկային օրենսգրքում դեռևս 2020 թվականին կատարված փոփոխություններով քաղաքացիները հաջորդ տարվանից արդեն 75%-ով բարձրացված գույքահարկ կվճարեն, 2026 թվականից էլ՝ կանցնեն ամբողջական վճարման՝ 100%-ին: Թեպետ կառավարությունը վստահեցնում է, որ սպասվող լրացուցիչ հարկային բեռը կրելու են մեծամասամբ բարձր գույքի սեփականատերերը, այնուամենայնիվ տնտեսագետները այնքան էլ համաձայն չեն այս պնդման հետ։

«Ըստ էության՝ իրենք հարկումը եկամուտներից տեղափոխեցին գույք՝ այն տրամաբանությամբ, որ շատ աշխատավարձ ստացողն ավելի շատ գույք կունենա։ Իրականության մեջ դրանք իրար հետ այդքան էլ ուղղակի կապ չեն կարող ունենալ, որովհետև շատ հաճախ մարդիկ գույք են ունենում ոչ թե իրենց աշխատավարձով պայմանավորված, այլ՝ ենթադրենք ժառանգություն են ստացել, պետությանը մատուցած ծառությունների դիմաց են ձեռք բերել և այլն։

հարկ

Դրա արդյունքում օրինակ Կենտրոնում ապրող մարդիկ, ովքեր տասնամյակներով այնտեղ են ապրել, սովետական ժամանակաշրջանում բնակարան են ստացել, հիմա ստիպված են լինելու տարեկան 400-500 հազար դրամ գույքահարկ վճարել»,- ասաց նա։

Տնտեսագետը շեշտում է՝ որպեսզի գույքահարկի նոր դրույքաչափերի ներդրումը ցավալի չլիներ ու բողոքի ակցիաների առիթ չհանդիսանար, որոշում կայացվեց այս համակարգն աստիճանաբար ներդնել․

«Արդեն 2025 թվականին Երևան քաղաքի բնակիչների համար գույքահարկի դրույքաչափը 25%-ով բարձրանալու է, ինչն անշուշտ բավականին լուրջ հարկային բեռ կարող է դառնալ, հատկապես միջին և ցածր եկամուտներ ունեցող մարդկանց համար։ Վստահաբար նրանց եկամուտները 1 տարվա ընթացքում 50%-ով չեն ավելացել։

Մենք հերթական անգամ գործ ենք ունենալու պետության կողմից վարվող անհեռատես հարկային քաղաքականության հետ, ինչի հետևանքով հատկապես Կենտրոնում ապրող մեր քաղաքացիները ստիպված են լինելու լրացուցիչ ֆինանսական բեռի տակ մտնել կամ վաճառել իրենց գույքը՝ տեղափոխվելով արվարձաններ ու Երևանից դուրս։ Սա անարդար ու անտրամաբանական հարկային քաղաքականություն է, որի հետևանքները մենք շարունակելու ենք ճաշակել»։

Կիսվեք էջում