Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը
64 տարեկանում մահացել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը, հայտնել է «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջը։
«Տիգրան Մկրտչյանի կյանքն ու ստեղծագործական ուղին սերտորեն կապված էին Արցախի և հայկական ազգային երգարվեստի հետ։ Ծնվել է Արթիկում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 1989 թվականին տեղափոխվել է Արցախ և մասնակցել Արցախյան գոյամարտին։
Հետագայում աշխատել է ԼՂՀ երգի-պարի պետական համույթում՝ որպես մեներգիչ, իսկ այնուհետև ղեկավարել է «Մենք ենք, մեր սարերը» ազգագրական համույթը։
2002 թվականին Տիգրան Մկրտչյանը ստեղծել է «Վերնատուն» փոփ-ֆոլկ քառյակը և եղել դրա գեղարվեստական ղեկավարը։ Համույթի գործունեությունն ուղղված էր հայկական ազգային և ժողովրդական երգարվեստի պահպանմանն ու տարածմանը։
Տիգրան Մկրտչյանի արվեստը հնչել է ոչ միայն Արցախում ու Հայաստանում։ Նա համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Ավստրալիայում, Ռուսաստանի և Ուկրաինայի տարբեր քաղաքներում, Մերձբալթյան երկրներում և նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններում՝ հայկական երգն ու մշակույթը ներկայացնելով նաև հայրենիքից դուրս։
Նրա համար երգը պարզապես արվեստ չէր․ այն հայրենիքի, հիշողության և ազգային ինքնության պահպանման ճանապարհ էր։ Առանձնահատուկ տեղ ունի նրա «Ձոն Արցախին» ստեղծագործությունը, որն այսօր առավել քան երբևէ հնչում է որպես Արցախի հանդեպ սիրո, կարոտի ու ցավի ձայն։
Արցախի երգով ապրող մարդկանց ձայնը չի լռում։ Սակայն Արցախը կորցնելու ծանր ցավով ապրելը շատ դժվար է։ Այդ ցավը մնում է հոգում՝ որպես չսպիացող վերք, և ցավալիորեն Արցախի երգով , Արցախով, Արցախի հիշողություններով ապրողներից շատերը վաղաժամ հեռանում են երկրային կյանքից։
Տիգրան Մկրտչյանի ձայնը նույնպես կմնա մեզ հետ՝ նրա երգերում, կատարումներում և մեր հիշողություններում»։


