Գլենդելում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու
Գլենդելի Grand View հիշատակի զբոսայգու ծառերի մեջ խշխշացող թեթև քամու ներքո Վանիկ Ոսկանյանի ընկերներն ու հարազատները հերթով մի բուռ հող ու սպիտակ վարդ էին նետում անցած ամիս Բևերլի Հիլզում դանակահարված իրենց սիրելիի դագաղի վրա։ Դրա մասին հաղորդում է Los Angeles Times-ը։
40-ամյա Ոսկանյանը սպանվել է օգոստոսի 30-ի երեկոյան։ Սպանության մեջ կասկածվող 19-ամյա Քոնորի Լավանտարային այս ամիս մեղադրանք է առաջադրվել, և նա իրեն մեղավոր չի ճանաչել։
Հարևանուհու պատմելով՝ Լավանտարան զայրույթի պահին հարձակվել է նրբանցքում աղբը քրքրող տղամարդու վրա ։ Նա և շրջակայքի մյուս բնակիչները տուժածին նկարագրել են որպես անօթևանի նման մեկը, և այս բնորոշումն արագ տարածվել է մամուլում, ինչը շատ վշտացրել է Ոսկանյանին ճանաչողներին։
«Վանիկը անօթևան չէր»,- պատմել է նրա վաղեմի ընկերը՝ Լևոն Գրիգորյանը։
Վերջինս պարզաբանել է, որ Վանիկը Գլենդելում ապրում էր մոր և եղբոր հետ, մտավորական մարդ էր, սիրում էր գրքեր կարդալ և լավ էր հասկանում քաղաքականությունից ու սպորտից։ «Նա որդի էր, եղբայր, ազգական, ընկեր, և նրան սիրում ու հիշում էին շատերը»,- նշել է նա։
Ոսկանյանը ծնվել է Երևանում և 2009 թվականին տեղափոխվել Գլենդել, հայտնել է Հակոբյանը։ Ոսկանյանը Հայաստանում ատամնաբույժի մասնագիտություն է ձեռք բերել, իսկ ավելի ուշ Ամերիկայում աշխատել է տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ շինարարության, ոսկերչության մեջ և որպես ատամնատեխնիկ։
Գրիգորյանը պատմել է, որ Ոսկանյանը դժվար կյանք է ունեցել և բազմաթիվ խնդիրներ, բայց նրան շատ էին սիրում ընկերներն ու ընտանիքը։ Նա հավելել է, որ չգիտի, թե ինչու էր իր ընկերը հարձակման գիշերը Բևերլի Հիլզում, և ցնցված է այս անիմաստ բռնության ակտից։
Լավանտարան, իր հերթին, հայտարարել է, որ դանակն օգտագործել է ինքնապաշտպանության նպատակով։ Նա ծեծկռտուքի ժամանակ նույնպես վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Սեպտեմբերի 2-ին նրան սպանության մեղադրանք է առաջադրվել, իսկ գրավը սահմանվել է 2 միլիոն դոլար։
Սեպտեմբերի 3-ի նիստում Լավանտարայի փաստաբան Դեբրա Ուայթը հայտարարել է, որ, բանավոր վիճաբանությունը բախման վերածվելուց հետո, Ոսկանյանը բռնել է իր պաշտպանյալին պարանոցից։ Փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը դանակը հանել է միայն այն ժամանակ, երբ Ոսկանյանը հրաժարվել է նրան բաց թողնել։
Դատավոր Քիթ Շվարցը հայտարարել է, որ Լավանտարան ընդհանրապես կարիք չուներ Ոսկանյանի հետ բախման մեջ մտնելու՝ նշելով, որ «մի քանի դանակի հարված է հասցրել նրան»։


