«Ինձ համար հեշտ չէր այս մասին խոսելը»․ Մանո Գրիգորյանը պատմել է իր հիվանդության մասին
Դերասանուհի Մանո Գրիգորյանն անկեղծացել է և պատմել, որ ունի վիտիլիգո։ Նա նշել է, որ երկար ժամանակ իր համար այդ հիվանդությունը պարզապես մաշկի փոփոխություն չի եղել, այլ նաև հոգեբանական պայքար՝ ինքն իրեն ընդունելու, մարդկանց հայացքներից չվախենալու և սեփական մարմնի հետ խաղաղ լինելու համար։
«Իրականում ինձ համար հեշտ չէր այսքան բաց խոսել վիտիլիգոյի մասին։
Երկար ժամանակ այն ինձ համար պարզապես մաշկի փոփոխություն չէր։ Այն նաև հոգեբանական պայքար էր՝ ինքս ինձ ընդունելու, մարդկանց հայացքներից չվախենալու և սեփական մարմնիս հետ խաղաղ լինելու համար։
Բայց այսօր հասկանում եմ մի կարևոր բան․ երբեմն խնդրի լուծումը խնդիրը վերացնելը չէ, այլ դրա հանդեպ մեր վերաբերմունքը փոխելը։
Այն, ինչ ժամանակին փորձում էի թաքցնել, այսօր այլևս չեմ թաքցնում։ Այն, ինչ ժամանակին ինձ խոցելի էր դարձնում, այսօր դարձել է իմ ուժի մի մասը։
Ու հատուկ շնորհակալություն @voskerchyann-ին, որ կիսվեց ինձ հետ իր պատմությամբ և ինքն էլ համարձակվեց բաց խոսել իր առանձնահատկության մասին։ Երբ մեկը համարձակվում է անկեղծ լինել, հաճախ այդ համարձակությունը փոխանցվում է նաև մյուսին։
Եթե դուք էլ ունեք մի բան, որը երկար ժամանակ համարել եք «խնդիր», որի մասին դժվարացել եք խոսել կամ որը դեռ սովորում եք ընդունել, կարող եք կիսվել մեկնաբանություններում»,– գրել է Մանո Գրիգորյանը։
Վիտիլիգոն մաշկի քրոնիկական աուտոիմուն հիվանդություն է, որը բնութագրվում է մաշկի որոշ հատվածներում պիգմենտացիայի կորստով։ Այն առաջանում է այն դեպքում, երբ մելանոցիտները՝ մաշկին, մազերին և աչքերի գույնը հաղորդող մելանին արտադրող բջիջները, քայքայվում են կամ դադարում են գործել։
Հիվանդությունը վարակիչ չէ և սովորաբար կյանքի համար վտանգ չի ներկայացնում, սակայն կարող է էական ազդեցություն ունենալ մարդու հոգեբանական վիճակի և կյանքի որակի վրա։
Վիտիլիգոյի առաջացման հստակ պատճառը լիովին պարզված չէ։ Մասնագետները այն կապում են իմունային համակարգի աշխատանքի խանգարման և գենետիկ նախատրամադրվածության հետ։ Հիվանդության առաջացման կամ սրման վրա կարող են ազդել նաև որոշ արտաքին և ներքին գործոններ, այդ թվում՝ մաշկի վնասվածքները, ուժեղ արևային ազդեցությունը և սթրեսը։
Վիտիլիգոն կարող է առաջանալ ցանկացած տարիքում և մարմնի տարբեր հատվածներում՝ դեմքին, ձեռքերին, ոտքերին, մարմնին, ինչպես նաև մազերի շրջանում։
Տեսանյութը ստորև․


