Գյումրու նոր տոնածառը հնից ավելի վատն է
Oragir.News-ը գրում է․ Գյումրիում տեղադրված նոր տոնածառը քննարկումների առիթ է դարձել։ Գյումրեցիների սրտով չէ նոր տոնածառը, ասում են՝ հինն ավելի լավն էր, նոր տոնածառը ավելի շատ տոնական կոն է հիշեցնում։
Գյումրին այս տարի տոնածառ ունեցավ ոչ թե քաղաքի բյուջեի հաշվին, այլ կառավարության միջոցների. պատճառը Գյումրիում ստեղծված իրավիճակն էր։
Հայտնել էինք, որ Շիրակի մարզպետ Մուրադյանը որոշում էր ստորագրել Գյումրիի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման և զարդարման, ինչպես նաև ամանորյա դեկորների նորերով փոխարինման և վերանորոգման աշխատանքները մեկ անձից գնման ձևով իրականացնելու վերաբերյալ։
Շիրակի մարզպետի այդ որոշումից մի քանի օր անց մարզպետի աշխատակազմին հատկացվել է 20 մլն 100 հազար դրամ։
Ինչպե՞ս են ծախսվել տոնածառի համար նախատեսված գումարները։ Oragir.News-ը ֆինանսների նախարարության գնումների (armeps.am) կայքից առանձնացրել է Շիրակի մարզպետի աշխատակազմի գնումները։
Կնքվել են 3 պայմանագրեր, որոնք ընդհանուր կազմում են 20 մլն 100 հազար դրամ, այսինքն` այնքան, որքան հատկացրել է կառավարությունը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Գյումրիի կենտրոնական հրապարակում տեղադրված տոնածառի համար հազիվ թե 15-17 մլն դրամ ծախսված լինի։
«Արեգակ գրուպ» ՍՊԸ-ի հետ պայմանագրային գումարը կազմել է 11 մլն 909 հազար դրամ։
Նշված ՍՊԸ-ից մարզպետի աշխատակազմը գնել է արհեստական տոնածառ՝ կոնստրուկտիվ բազմակի օգտագործման համար նախատեսված, բարձրությունը՝ նվազագույնը 15 մետր, ստորին հատվածի տրամագիծը՝ 7.5 մետր, իրանը՝ մետաղական, մշակված հակակոռուզյոն նյութով:
Նույն ՍՊ-ի հետ մարզպետի աշխատակազմը կնքել է մեկ այլ պայմանագիր տոնածառի բեռնափոխադրման, տոնածառի եւ խաղալիքների տեղադրման, ապամոնտաժման աշխատանքների հետ կապված, վճարելով 4 մլն 141 հազար դրամ։
Իսկ «Գյումրիի վերելակային տնտեսություն» ԲԲԸ-ին 4 մլն 50 հազար ՀՀ դրամ է հատկացվել։