Մամուլ

Բարեգործական ընթրիք՝ միայնակ տարեցներին ու կարիքավոր երեխաներին աջակցելու համար

Կայացել է «Օրրան» բարեգործական հիմնադրամի հերթական՝ 14-րդ ամենամյա բարեգործական ընթրիք՝ միայնակ տարեցներին ու կարիքավոր երեխաներին աջակցելու համար:

Տարիներ շարունակ, գործընկեր կառույցների հետ, հիմնադրամը լուծել է կարևոր խնդիր. իրականացվել է գործընթաց, որի հիմքում հասարակության խոցելի շերտերի՝ սոցիալապես անապահով ընտանիքների նկատմամբ պատասխանատու մոտեցումն է: Ընթրիքի ժամանակ հանգանակված գումարներն ուղղվել են երեխաների շրջանում մուրացկանության կանխմանը և տարեցների խնամքին: 

Հերթական ընթրիքից գոյացած ամբողջ հասույթը տրամադրվելու է «Օրրանի»՝ Երևանի և Վանաձորի կենտրոններին: Դրանով հնարավոր կլինի հոգալ կենտրոն այցելող շուրջ 100 միայնակ տարեցների և կարիքավոր 300 երեխայի սննդի, կրթական, մշակութային, սոցիալական, հոգեբանական, բժշկական համալիր ծառայություններ մատուցելու հարցերը:

Բարեգործական աճուրդի մեկնարկից առաջ ելույթ ունենալով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակիցներին հորդորել է ակտիվորեն մասնակցել աճուրդին:

«Այս ընթրիքի նպատակը կարևոր է: Անհրաժեշտ է մարդկանց հեռու պահել հուսահատության ճանապարհից: Սերունդների վաղվա օրը բոլորիս ձեռքերում է: Այն գեղեցիկ ու ապահով դարձնելու համար փորձենք կյանքին նայել մանկան աչքերով ու մաքրությամբ: Երեխաներն ամեն ինչ տեսնում են հոգով. նրանք աշխարհ են գալիս սիրված ու երջանիկ լինելու համար: Եվ երբ ստանում են այդ ամենը՝ մեծանում են մարդասեր, սովորում են գնահատել իրական արժեքն ու կարողանում են գտնել իրենց կոչումը՝ կյանքում: Մենք համախմբվել ենք այդ ամենի համար», – ասել է Յիրիկյանը: 

«Մենք շատ շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք գալիս են մեր միջոցառումներին եւ իրենց ներդրումն ունենում այս բարի գործում:

Մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ դրամական միջոցները նրանք կարող էին ծախսել իրենց ընտանիքի կամ սեփական հաճույքների համար, բայց նրանք գիտակցել են կյանքի գաղտնիքներից մեկը՝ երբեմն շատ ավելի մեծ հաճույք ես ստանում, երբ կիսում ես ունեցածդ, ուրիշին ես նվիրում, քան երբ ամբողջովին ծախսում ես քեզ վրա»,- լրագրողների հետ զրույցում ասեց «Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը։

Կիսվել նյութով