Մամուլ

«Մեր աղջիկը գնացել է Սաշիկենց տուն և տեսել է, որ սաղ ղումարբազ, պլանքաշ են ու գիշերով փախել է դրանց տնից»․ Փայլակ Հայրապետյան

«Մեր աղջիկը գնացել է Սաշիկենց տուն և տեսել է, որ սաղ ղումարբազ, պլանքաշ են ու գիշերով փախել է դրանց տնից»․ Փայլակ Հայրապետյան

1in.am-ը գրում է․ ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից 2020 թվականի հունվարի 31-ին արդարացված և քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված «Օֆշորի» գործով հայտնի Աշոտ Սուքիասյանի դեմ նույն գործով տուժող Փայլակ Հայրապետյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել։

Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը՝ հենց այս փաստով բացատրելով այն հիստերիան, որը ներկայումս դրսևորում է Աշոտ Սուքիասյանը և նրա պաշտպանը։

Հիշեցնենք, որ օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Լուսինե Զեյնալյանը հայտարարել էր, որ Վճռաբեկ դատարանը Հայրապետյանի բողոքը վարույթ է ընդունել սուբյեկտիվ նկատառումներով:

Փաստաբանը նշել էր, որ երբ գործը մտել է Վճռաբեկ դատարան, իրենք սեփական ուսումնասիրություններն են սկսել, ինչի արդյունքում բացահայտել են Փայլակ Հայրապետյանին առնչվող ուշագրավ հանգամանքներ:

Մասնավորապես, որ Փայլակ Հայրապետյանը վաղեմի կապեր ունի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի գործող նախագահ Լիլիթ Թադևոսյանի, նրա հոր՝ Զելիմ Թադևոսյանի հետ, որը տարիներ շարունակ եղել է դատախազ, հիմա թոշակի է անցել, և Հայրապետ Հայրապետյանի հետ, որը Փայլակ Հայրապետյանի որդին է և դատախազ է աշխատել։

Փայլակ Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց այս պնդումները։ Նա նշեց, որ իր որդին դատախազությունից աշխատանքից ազատվել է արդեն 20 և ավելի տարիներ առաջ։

«Նա կյանքում չի էլ տեսել էդ դատավորին, որի մասին խոսք է գնում, բոլորովին ծանոթ չի նրա հետ։ Սրանք անիմաստ, ուղղորդված շահարկումներ են»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ շահարկվում է նաև Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ իրենց ունեցած խնամիական կապերը։

Հայրապետյանի խոսքերով, սակայն, դա ծիծաղելի է, քանի որ դա նախ եղել է 2014 թվականին և տևել է 1.5 ամիս։ «Մեր աղջիկը գնացել է նրանց տուն և տեսել է, որ սաղ ղումարբազ են, պլանքաշ են։ Մեր աղջիկն էլ գիշերով տաքսի է կանչել ու փախել է դրանց տնից իր հոր տուն։

Ինչի մասին է խոսքը։ Մենք նրանց հետ ոչ ընկերություն ենք արել, ոչ բարեկամություն։ Մենք դրանց հետ ավելի շատ թշնամի ենք եղել, քան բարեկամ։

Նրանք այնպիսի մարդիկ են եղել, որ ընդամենը 1.5 ամիս անց մեր աղջիկը թքել է դրանց վրա ու փախել դրանց տնից։ Եթե մենք դրանց հետ բարեկամ լինեինք, դրանց պես կթալանեինք երկիրը»,- ասաց Հայրապետյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել