«Հանգիստ նստեք Ձեր տեղը». Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է Ռուբեն Հայրապետյանին
«Հանգիստ նստեք Ձեր տեղը». ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է Ռուբեն Հայրապետյանին` ֆեյսբուքյան իր էջում կատարելով գրառում։
«Ռուբե՜ն Հայրապետյան, նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Դուք ձեր շրջապատն ու ընկերներին ընտրել եք դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո և շարունակաբար հանդես եք եկել այդ շրջապատի շահերի սպասարկուի դերակատարմամբ: Այս դեպքը ևս բացառություն չէ. հերթական անգամ «սիրելի ընկերներին» հաճոյանալով` փորձում եք Ձեզ անվերապահորեն ծառայություններ մատուցող լրատվականներով տարածել դատարկ կեղծիքներ:
Հավանաբար ձեր զառանցանքների պատճառն այն է, որ ոստիկանությունը Ձեր բնակարան չափից դուրս «շնորհքով է ներխուժել»` չնայած դուք վաղուց ի վեր այդ մեծահոգությանը արժանի չեք, հակառակ դեպքում հիմա որևէ հնարավորություն չէիք ունենա դատարկաբանելու:
Դուք մշտապես ձեր անձնական շահի թելադրանքով ջանք չեք խնայել «ընկերություն» առաջարկելու տվյալ պահի իշխանություններին:
Ասեմ ավելին` նախաքննության ընթացքում դեռ առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը», որ ձեզ նման բան է «փոխանցել», դա էլ այն դեպքում, երբ չխախտելով գործի ընթացակարգը` Ձեզ ինչ-որ բանում նախազգուշացնել կարող է միայն գործի վարույթը իրականացնող մարմինը:
Այնպես որ, հանգիստ նստեք Ձեր տեղը և հնարավորության դեպքում վերընթերցեք ժամանակին Ձեր և Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունների վերաբերյալ գրված հոդվածները, իսկ ես Ձեզ վստահեցնում եմ` հետագայում դուք անսահմանափակ ժամանակ կունենաք արժեքավոր ընթերցանությամբ զբաղվելու:
Հարգանքով` ձեր բնորոշմամբ նախկին ընկեր` Անդրանիկ Քոչարյան»: