Ժամանց

Գյումրեցիները երեք տասնամյակ կացարան դարձած, այժմ քանդված տնակների մեխերով արվեստի գործեր են ստեղծել

Ավելի քան երեք տասնամյակ կացարան դարձած տնակների մեխերը նոր գաղափարի հիմք են դարձել գյումրեցիների համար։ Ամեն ինչ սկսվել է մի քանդված «դոմիկի» պատմությունից։ Քանդված տնակների մեխերը «Գյումրին իմ տունն է» նախաձեռնության անդամների երևակայության արդյունքում ստեղծագործությունների շարքի են վերածվել։ Sputnik Արմենիային պատմեց Արսենը Վարդանյանը։

Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ մի օր քանդել են երեք տասնամյակ կացարան դարձած, որում ապրել է Արսեն Վարդանյանի ընտանիքը: Արսենն ամեն օր գնացել է տնակի տարածք՝ վերհիշելու այնտեղ ապրած տարիները։ Ամեն անգամ նոր բնակարան է վերադարձել` տնակից մնացած մեխերն իր հետ բերելով:

արվեստի գործեր

«Շատ գյումրեցիների պես ես էլ եմ դոմիկի բնակիչ եղել: Երկար ընդմիջումից հետո, երբ գնացի մեր տնակի տարածք, նկատեցի, որ այնտեղ տնակից մնացել են միայն մեխերը: Որոշեցի դրանք հավաքել ու ստեղծագործությունների շարք ստանալ»,- պատմեց Արսենը։

Առաջին գործը, որ ստեղծեցին Արսենն ու ընկերները, ժամացույց էր, որը պատրաստվեց ոչ միայն քանդված տնակների մեխերով, այլ նաև տնակի փայտով ու հին վառարանի մասերով: Արսենի խոսքով` ժամացույցը խորհրդանշում էր երկրաշարժից հետո շարունակվող կյանքը։

արվեստի գործեր

Հետո նոր գաղափարներ ծնվեցին՝ լրացնելով մեխերի հիշողությունների շարքը՝ «Երկու քարի արանքում», «ճամպրուկներ», «Դուռը», «Լևի լույս» և այլն: Մտքերը ծնվում են մեխի ձևից:

«Լավ արձագանքներ ունենք: Շատ գյումրեցիներ, որոնք հիմա արտերկրում են ապրում, Facebook–ով գրում են, իրենց տնակի տեղն են բացատրում, ուզում են տեսնել` ինչ է մնացել այդ հատվածից: Սա միայն շարք չէ։ Մենք կարծում ենք, որ այս հիշողությունների գաղափարի շուրջ նաև մարդկանց ենք համախմբում»,– ասում է Արսենը:

արվեստի գործեր

Ստեղծված աշխատանքներն այս պահին չեն վաճառում։ Նրանք պատրաստվում են ապագայում ցուցահանդեսով ներկայացնել իրենց գործերը։

Աղբյուր՝ armeniasputnk.am

Կիսվել նյութով