ԱշխարհԺամանցՇոու-բիզնես

Այս շքեղ հայուհին «Միսս Լիբանան 2018»-ում գերել է բոլորին՝ հայտնվելով լավագույն տասնյակում (Լուսանկարներ)

Լիբանանում այս ամիս տեղի է ունեցել «Միսս Լիբանան 2018» գեղեցկության մրցույթը, որում փայլեց մեր հայրենակցուհի Նատալի Աուադ Փոլադյանը: Նա ընդգրկվեց լավագույնների տասնյակում` միավորներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: Այդ օրվանից Նատալիի լուսանկարները տարածվում են սոցցանցերի տարբեր հարթակներում: Նշենք, որ նա գործունեություն է ծավալում որպես սննդաբան. Լիբանանում հիմնադրել է դիետոլոգիական կլինիկա:

BRAVO.am-ը զրուցել է Նատալի Աուադ Փոլադյանի հետ եւ հետաքրքրվել, թե երբվանից է սկսել զբաղվել մոդելինգով, եւ որքանով են արդարացել իր սպասումները հայտնի մրցույթից: Նա պատմեց, որ «Միսս Լիբանան 2018»-ին մասնակցելու համար 500 դիմում-հայտ է ստացվել տարբեր քաղաքներից ու մարզերից, բայց երկու ամսվա նախապատրաստական աշխատանքների արդյունքում ընտրվել են միայն 30-ը:

natali poladyan1

Հենց նրանց միջեւ էլ ընթացել է հիմնական մրցակցությունը, որի արդյունքում Նատալին հայտնվել է լավագույն տասնյակում: Խոստովանեց՝ սպասելիքներն ավելին էին, հատկապես, որ հարց ու պատասխանի փուլում լավագույնն է ճանաչվել.

«Կարծում էի, որ պիտի ավելիին հասնեմ: Դա միակ բանն էր, ինչից նեղսրտեցի, բայց ընդհանուր առմամբ, մրցույթը շատ լավ անցավ, շատ բան սովորեցի»:

Նատալին նշեց, որ արդեն 4 տարի է, ինչ մոդելինգով է զբաղվում: Մասնագիտությամբ դիետոլոգ է, զբաղվում է նաեւ ֆիթնեսով, ինչի շնորհիվ էլ գեղեցիկ կառուցվածք ունի: Ըստ այդմ էլ որոշել է ուժերը փորձել նոր ոլորտում՝ որպես մոդել:

natali poladyan2

Հաճախ նրան կարելի է տեսնել նաեւ հեռուստատեսությամբ իր մասնագիտական խորհուրդներով կիսվելիս: Այս պահին նա որպես դիետոլոգ նաեւ վարպետության դասեր է անցկացնում Լիբանանի ամերիկյան համալսարանում: Ասաց՝ շատ կցանկանար Երեւանում էլ բիզնես ունենալ, որի շնորհիվ հաճախ կգար Հայաստան:

«Մայրս լիբանանահայ է, հայրս՝ լիբանանցի: Նախկինում շատ չեմ եղել Հայաստանում, բայց այս տարի արդեն երկու անգամ այցելել եմ, մեկ անգամ էլ հավանաբար ձմռանը կգամ: Ի դեպ, սեպտեմբերին նաեւ Հայաստանի քաղաքացիություն ստացա եւ Լիբանան վերադարձա հայկական անձնագրով: Շատ եմ սիրում Երեւանը, գեղեցիկ քաղաք է, եւ շատ կցանկանայի այդտեղ էլ որեւէ գործ ունենալ, որպեսզի ավելի շատ առիթներ ունենայի վերադառնալու: Հույս ունեմ՝ շուտով այդ նպատակս իրականություն կդառնա»:

natali poladyan3

Պարզվում է՝ Նատալին ցանկանում է Հայաստանում ճանաչված լինել ոչ միայն որպես դիետոլոգ կամ գործարար, այլեւ որպես մոդել: Ասաց՝ շատ կուզեր այստեղ էլ նման գործունեությամբ զբաղվել եւ հայտնի լինել հայերի շրջանում: Ի՞նչ խոսք, դա այնքան էլ դժվար չէ, հատկապես երբ խելացի ես, հաջողակ ու գեղեցիկ:

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել