Գիտե՞ք ովքեր են դավաճանել՝ ովքեր ամենաշատն են օգտվել ՀՀԿ-ից
Hraparak.am-ը գրում է․
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանն այսօր թոշակառուի կյանքով է ապրում, բայց հետեւում է իր կուսակցության եւ իրենց խմբակցության անդամների շուրջ ստեղծված իրավիճակին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ական պատգամավորներին փորձում ժամանակից շուտ «ջահել-ջահել» ուղարկել թոշակի։ «Երիտասարդ թոշակառուներ, հա՞, ուզում ես ասել»,- մեր ակնարկը ձեւակերպեց Հարությունյանը։
-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, որ այսօր շատերն արդեն լքում են թիմը, խմբակցությունը։ Դուք ինչպե՞ս կվարվեիք, եթե այսօր ֆրակցիայում լինեիք։
-Ես շատ վաղուց եմ էդ մասին իմացել, որ եթե Հանրապետականում ճգնաժամ լինի, շատերը դուրս կգան, դա ի՞նչ նորություն է որ։ Ես էն կարծիքին եմ, որ եթե մարդիկ գաղափարական կուսակցականներ են, երբեք չեն լքի իրենց կուսակցությունը։ Բայց եթե պատահական մարդիկ են հավաքված, որոնք էդ կուսակցություն են մտել կա՛մ պաշտոն ձեռք բերելու, կա՛մ պատգամավոր դառնալու համար, նրանց համար ի՞նչ կա, ցանկացած պահի էլ կլքեն կուսակցությունը։
-Նիկոլ Փաշինյանի քայլերի մասին ի՞նչ կասեք, նա ուզում է օր առաջ ընտրություններ անցկացնել, որ իշխանությունը լիակատար իր ձեռքը վերցնի։
-Գիտե՞ք ինչ կա, իմ կարծիքով՝ էդ ընտրությունները պետք է լինեին ավելի շուտ, քան հիմա են։ Եթե գործադիր իշխանությունն իրենց ձեռքն էր, էլ ի՞նչ կարիք կար էսքան ձգձգելու։
-Իսկ ՀՀԿ-ն, որ հայտարարություն է տարածել, թե դեմ է դեկտեմբերյան ընտրություններին, բայց նաեւ թեկնածու չի առաջադրելու, Ձեր կարծիքով, ճի՞շտ մոտեցում է։
-Դե, ես հիմա ֆրակցիայի անդամ չեմ, չգիտեմ՝ իրենք ինչ են որոշել, ոնց են որոշել։ Այնուամենայնիվ, եթե վարչապետ չեն առաջադրելու, արդեն էն երկրորդ մասն ավելորդ է՝ համաձայն են, թե համաձայն չեն։
-Իսկ ՀՀԿ-ն պե՞տք է մասնակցի այս ընտրություններին եւ կկարողանա՞ նորից ժողովրդի վստահությունն ինչ-որ չափով շահել։
-Ես կարծում եմ, որ Հանրապետականում շատ հավատավոր կուսակցականներ կան, դրանք սկի չեն էլ երեւում, ոչ էլ ճիշտ են գնահատվել ընդհանրապես կուսակցությունում, եւ զարմանալի կերպով նրանք հավատարիմ են կուսակցության գաղափարախոսությանը։ Եվ ՀՀԿ-ն, իմ կարծիքով, եթե մասնակցի ընտրություններին, կմասնակցի ընտրություններին, կհավաքի այնքան ձայն, ինչքան որ կան հավատավոր հանրապետականներ։ Չեմ կարծում, որ 150 հազար անդամ ունեցող կուսակցությունը որոշակի տոկոսներ չհավաքի։
-Այսինքն՝ միայն իրենք իրե՞նց ձայն կտան՝ այդ հավատավոր հանրապետականները։
-Բա ո՞վ ձայն կտա, կարո՞ղ ա դաշնակները գան Հանրապետականին ձայն տան։ ՀՀԿ հավատավոր անդամները պետք է ձայն տան իրենց կուսակցությանը։
-Ճիշտ չի՞ լինի, որ Սերժ Սարգսյանը ելույթով հանդես գա, ժողովրդին դիմի եւ ասի՝ այո, ես սխալներ եմ թույլ տվել, բայց այսօր չեմ ուզում, որ իմ կուսակցության անդամները դրա համար պատասխան տան, ես եմ այդ ամենի պատասխանատուն։ Ազնիվ չի՞ լինի դա։
-Ես չեմ կարող էդ հարցին պատասխանել, անկեղծորեն եմ ասում, բայց ինքը, փաստորեն, դա ասաց, էլի, որ Նիկոլը ճիշտ է, ես՝ սխալ։
-Դե, դա թերեւս Նիկոլը գիտի, թե ինքը հատկապես ինչով էր ճիշտ, եւ Սերժ Սարգսյանը գիտի, թե ինքն ինչով էր սխալ։
-Դե թող Նիկոլն ասի, եթե Սերժ Սարգսյանը չի ասում։ Բայց ես մի խորհուրդ պետք է տամ՝ ելնելով իմ փորձառությունից։ Նիկոլ Փաշինյանը չպետք է հավատա դավաճաններին։ Նրանք եթե դավաճանել են Հանրապետական կուսակցությանը, եւ գիտե՞ք ովքեր են դավաճանել՝ ովքեր ամենաշատն են օգտվել ՀՀԿ-ից։
Նրանցից ոչ մեկը նախեւառաջ չպետք է Ազգային ժողովում լիներ։ Բա իհարկե, Սերժ Սարգսյանի սխալն էր, որ նրանք էնտեղ էին։ Նիկոլ Փաշինյանը նրանց երբեք չպետք է տեղ տա։ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ծառայությունն այն կլինի, որ նա, ի վերջո, էդ մարդկանց տեսակը ոչնչացնի։
Աղբյուր՝ hraparak.am