Ա. Զեյնալյանը կհրաժարվի ավագանու մանդատից և կմնա արդարադատության նախարար, իսկ ընտրությունները բացառիկ էին. Է. Մարուքյան
Արտակ Զեյնալյանը կհրաժարվի ավագանու մանդատից և կմնա արդարադատության նախարար, իսկ ընտրությունները բացառիկ էին արդարացի լինելու առումով, չկար փողի գործոն:
Այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Դիտարկմանը, թե «Լույս» դաշինքն առաջինը շնորհավորեց «Իմ քայլը» դաշինքին, «Լույսի» քաղաքապետի թեկնածուն այցելեց «Իմ քայլի» գրասենյակ և շնորհավորեց Հայկ Մարությանին, ինչը ընդունված է արևմտյան երկրներում, Էդմոն Մարուքյանն արձագանքեց, որ իրենք ցիվիլ
քարոզարշավ են իրականացրել, հարցազրույցներով և հրապարակային էլ հայտնել են, որ ով էլ ընտրվի, իրենք կշնորհավորեն:
«Երբ արդեն պարզ էին տվյալները, որ «Իմ քայլը» դաշինքը մեծամասնություն է ձևավորում և 80 % ձայն ունի, մենք որոշեցինք, որ մեր շտաբի պետը՝ Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը պետք է գնան և շնորհավորեն մեր գործընկերներին, նրանք գնացին, իսկ ես, քանի որ Նիկոլ Փաշինյանն այստեղ չէր, ես էլ զանգեցի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին և շնորհավորեցի»,-ասաց Մարուքյանը:
Վերջինս կրկին շնորհավորեց «Իմ քայլը» դաշինքին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քաղաքապետ Հայկ Մարությանին, ԲՀԿ-ի ավագանու անդամներին և շնորհակալություն հայտնեց «Լույս» դաշինքի ընտրողներին:
««Լույս» դաշինքը, որը ձևավորվել է 20-25 օր առաջ, այս պահին փաստորեն 3-րդ ուժն է, և ես կարծում եմ, որ ձայների այդ թիվն աճելու, ոչ թե նվազելու միտում ունի: «Լույս» դաշինքից ավագանիում կլինեն Դավիթ Խաժակյանը, Անի Սամսոնյանն ու Անի Խաչատրյանը»,-ասաց Մարուքյանը:
Աղբյուր՝ tert.am