Մամուլ

«Վարչապետը ճշգրիտ խոցել է թիրախները»․ Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՃՇԳՐԻՏ ԽՈՑԵԼ Է ԹԻՐԱԽՆԵՐԸ

Օգոստոսի 17-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերին ու առաջարկներին նախկին ռեժիմի խոսնակների ջղաձիգ ու դիվային արձագանքը հասկանալի է. ՈւՂՂԱԿԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ինստիտուտի ուժեղացումը՝ հանրաքվեի մեխանիզմների կիրառմամբ և, հատկապես, ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ համակարգի ձևավորումն ուղղակի խլում է հողը բոլոր նրանց ոտքերի տակից, ովքեր դեռևս քաղաքական ռևանշի ակնկալիք ունեն և պատասխանատվությունից խուսափելու հույսեր են փայփայում։ Երեկվա կոնսոլիդացված ավտորիտարիզմի ճուռակներն այսօր արդեն դեմոկրատի ու արդարադատի դիմակ են հագել։

Վերջին շաբաթների զարգացումները սակայն վկայում են, որ դատական համակարգը «անկախության» քողի տակ պատրաստ է օրինականության ոտնահարման ամենազազրելի որոշումների։ Իսկ որտե՞ղ ու ե՞րբ կարող էր Հայաստանում ստեղծվել անկախ դատավորի ինստիտուտը, այն դեպքում, երբ ցանկացած դատական պաշտոն տակավին մի քանի ամիս առաջ իր գինն ուներ ու այն վճարելու դիմաց ցանկացած դատավոր իրավունք էր ստանում, իրեն հատկացված «քվոտայի» սահմաններում, դատական «բիզնես» դնելու և ահռելի հարստություն դիզելու։

Բնականաբար, որևէ դատավոր այդ պայմաններում իր մտքի ծայրով անգամ չպետք է անցկացներ իշխանության կամքին ու պատվերին հակառակ վճիռ կայացնել։ Սա էր դատական համակարգի խաղի գլխավոր ու թերևս… միակ կանոնը։ Իսկ եթե այնուամենայնիվ հատուկենտ ազնիվ ու անկաշառ դատավորներից ոմանք փորձեին ինքնուրույն ու արդարադատ վճիռ կայացնել՝ նրանց պատժում և կայծակնային արագությամբ դուրս էին շպրտում համակարգից։ Ապացույցը՝ «Ռոյալ Արմենիայի» գործով դատավոր Պարգև Օհանյանի նկատմամբ Բաղրամյան 26-ի հրապարակային վենդետան էր։

Մյուս փաստը. որտե՞ղ էր այդ «անկախ դատական համակարգը», երբ ավելի քան երկու տասնամյակ ընտրությունից-ընտրություն ընտրական հանձնաժողովներում ներառված ավելի քան 10.000 մարդ անխնա կեղծում էին ընտրողների քվեները՝ թաղելով երկրի ժողովրդավարացման հեռանկարը։ Եվ արդյոք միայն անցումային արդարադատությամբ չէ՞, որ հնարավոր է բացահայտել բոլոր այդ ընտրահանցագործներին ու նրանցից առավել անուղղելիներին ոու կոռումպացվածներին կանգնեցնել դատարանի առաջ։ Իսկ թե ովքեր են նրանք ու ինչ են արել տասնամյակներ շարունակ, թերևս հայտնի է շատերին, հատկապես՝ իրավապահներին»։

Կիսվել