Մամուլ

ԱԺ-ում այսօր անակնկալ էր սպասում․ միջանցքում, դաշնամուրի դիմաց նստած էր Առնո Բաբաջանյանը

Armeniasputnik.am-ը գրում է․ ԱԺ–ի այցելուներին այսօր անակնկալ էր սպասում։ ԱԺ միջանցքում իրարանցում էր, դաշնամուրի դիմաց նստած էր Առնո Բաբաջանյանը։

Անսպասելի անակնկալը` կոմպոզիտորի մոմե արձանը, նրա ծննդյան 97-ամյակին նվիրված ցուցահանդեսի ցուցանմուշներից մեկն է։ Կոմպոզիտոր, դաշնակահար, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ու անձնական կյանքի կարևոր դրվագները ներկայացնող լուսանկարներից բաղկացած ամբողջական ցուցադրությունը կբացվի հունիսի 3-ին։

arno babajanyan1

Իսկ մինչ այդ ԱԺ-ում Բաբաջանյանի ներկայությունն ու շունչն արդեն նկատվում է։ Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Առաջին ստեղծագործությունը գրել է 9 տարեկանում։ Սովորել է Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայում` դաշնամուրի դասարանում: 1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։

Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է հանրահայտ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Բաբաջանյանի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրած «Հերոսական բալլադում», ապա՝ դաշնամուրային տրիոյում: Նշանակալի է նաև նրա «Հայկական ռապսոդիան»:

Կոմպոզիտորի յուրահատուկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում:

Գրել է երաժշտություն նաև «Առաջին սիրո երգը». «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլ ֆիլմերի համար: Որպես դաշնակահար` Բաբաջանյանն աչքի է ընկել հատկապես սեփական ստեղծագործությունների կատարմամբ:

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել