Մամուլ

Temu-ն փոխում է առևտրի կանոնները

Չինական Temu օնլայն առևտրի հարթակը համաձայնել է փոփոխություններ կատարել եվրոպական շուկայում գործող առևտրային կանոններում՝ իր գործունեությունը ԵՄ սպառողների իրավունքների պաշտպանության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։

Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովը՝ նշելով, որ փոփոխությունները վերաբերում են գնորդներին մոլորեցնելու հավանականություն ունեցող գործելակերպերին։

Մասնավորապես, Temu-ն պարտավորվել է վերանայել կեղծ զեղչերի, ապրանքների հետկանչման, «համառ առաջարկների», խաղային մեխանիզմներով գնումների ցանկության արհեստական խթանման, ինչպես նաև ապրանքների վերաբերյալ ոչ բավարար կամ ոչ հավաստի տեղեկատվության տրամադրման հետ կապված գործելակերպերը։

Ընկերությունը նաև հանձնառություն է ստանձնել խստացնել վերահսկողությունը՝ հարթակում անօրինական և վտանգավոր արտադրանքի վաճառքը կանխելու համար։

Եվրահանձնաժողովն իր հերթին հայտարարել է, որ հետևելու է Temu-ի ստանձնած պարտավորությունների կատարմանը և վերահսկելու է, թե որքանով է հարթակը պահպանում եվրոպական սպառողների պաշտպանության պահանջները։

Կիսվեք ձեր էջում